2024 թ. 8 ամսում Հայաստանից Իրան արտահանումն ավելացել է 7 %–ով
2024 թ. 8 ամսում Հայաստանից Իրան արտահանումն ավելացել է 7 %–ով։ ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը։
«Սովորաբար, մեր առևտրաշրջանառության մեջ հիմնական մասնաբաժինը ներմուծումն է, և Իրանի հետ այս համաձայնագիրը կօգնի, որպեսզի իրանական ընկերությունները Հայաստանը դիտարկեն որպես ԵԱՏՄ մուտքի շուկա, քանի որ ՀՀ–ն միակ երկիրն է, որը ԵԱՏՄ-ի հետ ունի ցամաքային ճանապարհ։ Մյուս կողմից դա հնարավորություն է տալիս, որպեսզի մեր ապրանքներն անխոչընդոտ մուտք գործեն Իրան, քանի որ, ավանդաբար, Իրանը սեփական տնտեսությունը պաշտպանող, պրոտեկցիոն պետություն է»,– նշեց նախարարը։
Նա հավելեց, որ 2022–23 թթ. 7 տոկոսով նվազել է էլեկտրաէներգիայի արտահանումը Իրան, փոխարենը 2.4 անգամ աճել է պղնձի, հանքաքարի և խտանյութի արտահանումը, 4 տոկոսով աճել է ոչխարի, այծի մսի արտահանումը, նվազել ծխախոտային արտադրանքի արտահանումը։
Ինչ վերաբերում է Իրան արտահանվող մսին, ապա, Պապոյանի խոսքով` հիմա իրանական ընկերությունները համագործակցում են ՀՀ–ում գործող հատուկ սպանդանոցների հետ, որոնք հիմնականում գտնվում են Արագածոտնի, Արարատի մարզերում։ Այս սպանդանոցներում մուսուլմանական «հալալի» ստանդարտները, ըստ նախարարի, պահպանվում են, սակայն իրանական կողմի համար ավելի նախընտրելի է կենդանի ոչխարների արտահանումը։
Պապոյանն ավելացրեց, որ ԵԱՏՄ–Իրան համաձայնագիրը հիմնականում վերաբերում է 862 ապրանքի արտահանմանը։
Նա հիշեցրեց, որ Իրան–ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունը կազմում է 5.2 մլրդ դոլար, որի մեջ ՀՀ մասնաբաժինը բավականին մեծ է` շուրջ 13.5 տոկոս կամ 700 մլն դոլար։
«Այդ ցուցանիշն էլ ավելի մեծանալու պոտենցիալ ունի, որին այս պահին խոչընդոտում են միայն Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները»,– ընդգծեց նա։
ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը միաձայն հաստատեց ու ուղարկեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ` քննարկման։
Ըստ մասնագետների՝ Իրանի հետ նոր համաձայնագիրը թույլ կտա 5–7 տարվա ընթացքում մատակարարումները հասցնել տարեկան 18–20 մլրդ դոլարի` 2022 թ. գրանցված 6․2 մլրդի փոխարեն։