Արցախն ու Հայաստանը փոխում են էներգետիկ բանաձևերը

Մինչ պատերազմը Արցախում գործում էր 36 հէկ, սակայն տարածքների կորուստների հետևանքով Արցախի Հանրապետության տիրապետության տակ մնացել է ընդամենը 6 հէկ, որից մեկը Սարսանգի հէկ-ն է՝ 50 ՄՎտ հզորությամբ և ևս 5 հատ փոքր հէկ, որոնց ընդհանուր դրվածքային հզորությունը միասին 25 ՄՎտ է։
Այս պահին հէկ-երն ամբողջ ներուժով չեն աշխատում, քանի որ սակավաջրության խնդիր կա։ Արցախա-ադրբեջանական պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունը կորցրեց հէկ-երի դրվածքային հզորության 40%-ը:
Նշենք, որ մինչ պատերազմը Արցախի գործող հէկ-երը կարողանում էին ամբողջությամբ ապահովել Արցախի էլեկտրաէներգիայի պահանջարկը, իսկ ավելացած մասն էլ արտահանվում էր Հայաստան՝ փոխհոսքերի միջոցով։ Հիմա, քանի որ այդ հէկ-երը չկան, տեղական սպառման համար նույնպես լուրջ խնդիր է առաջացել: Ի դեպ, Արցախից Հայաստան բարձրավոլտ ցանցերն անցնում էին Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններով։
Տեղեկություններ կան, որ թշնամու հսկողության տակ անցած հէկ-երի որոշ կառուցատարրեր հնարավոր է եղել տարհանել, սակայն խողովակաշարերը, շենք-շինությունները մնացել են:
Հիշեցնենեք, որ Արցախում էլեկտրաէներգիայի ցերեկային գինը 49 դրամ է եղել, գիշերայինը՝ 44, բայց մինչ պատերազմը այն սուբսիդավորվել է, և բնակիչ-բաժանորդները 1 կՎտ-ի դիմաց վճարել են 25 դրամ։
Պատերազմի հետևանքով Արցախի էներգետիկ ենթակառուցվածքները ևս վնասներ են կրել, իսկ ռազմական գործողությունների ավարտից հետո սկսվել են էլեկտրամատակարարման վերականգնման և վերակառուցման աշխատանքները։
Ներկայումս այդ աշխատանքները շարունակվում են, բացի այդ կառուցվում և վերազինվում են նոր ենթակայաններ՝ ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով: Համակարգի համար առաջնային է օդային գծերի ու ենթակայանների վերանորոգման, տեղափոխման աշխատանքները։
Մինչ օրս պատերազմի հետևանքով էլեկտրամատակարարմանը հասցված վնասի ամբողջական գնահատում չի կատարվել, նաև դեռևս պարզ չէ, թե որքան գումար է անհրաժեշտ լինելու ամբողջական վերականգնման համար։
Մայրաքաղաք Ստեփանակերտում էլեկտրամատակարարումը գրեթե ամբողջովին վերականգնվել է։
Մինչև պատերազմը՝ Հայաստանն Արցախին կապող երկու էլեկտրահաղորդման գիծ կար` 110 ԿՎ լարմամբ։ Այդ երկու գծերն ու դրանց տրանսֆորմատորային ենթակայանները գտնվում են Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում։ Շահումյանի շրջանի էլեկտրահաղորդման գիծը մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ Քաշաթաղի շրջանի գիծը միջանցքային ճանապարհով է անցնելու։ Այն գրեթե վերանորոգված է, դրանով արդեն Հայաստանից էլեկտրաէներգիա կներմուծվի Արցախ։
Նշենք, որ Արցախը սպառում է 590 միլիոն ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա: Մինչև 2018 թվականը էներգետիկ առումով բավարարում էր սեփական կարիքները, իսկ 2018թ–ից նաև սկսեց էլեկտրաէներգիա արտահանել Հայաստանի Հանրապետություն: 2021թ.–ին նախատեսված էր Արցախից 330 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա ներկրել:
Ի դեպ, էլէներգիայի սակագինը Հայաստանում բարձրանալու է և «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը այդ բարձրացումը կապում է նաև Արցախում կորցրած էներգետիկ հնարավորությունների հետ։
Էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը չի կիսում այն կարծիքը, որ Արցախի հէկ-երի կորցնելու հետևանքով է պայմանավորված Հայաստանում էլէներգիայի սակագնի բարձրացումը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն ասում է, որ Արցախից ներկրվող էլեկտրաէներգիան հավասարազոր էր Հայաստանի փոքր հէկ-երում արտադրվող էլեկտրաէներգիայի գնին՝ գումարած 7% տեղափոխման և կորստի ծախսերի համար:
Ըստ Հակոբ Վարդանյանի՝ Արցախը ներկայում ոչ մշտական ռեժիմով Հայաստանից ներմուծում է էլեկտրաէներգիա՝ էներգետիկ ռեժիմների կարգավորման համար: «Տեսականորեն, միգուցե, անհրաժեշտություն չառաջանա ներմուծել էլեկտրաէներգիա Արցախի Հանրապետություն, որովհետև ժամանակ է գալիս, որ 75 ՄՎտ դրվածքային հզորությունը սեզոնային բնույթից ելնելով կարող է ամբողջությամբ աշխատել: Այդ դեպքում արտադրված էլներգիայի մի մասն էլ կարտահանվի Հայաստան, իսկ սակավաջուր սեզոնին՝ ներմուծվի: Երբ տարին ավարտվի, նոր միայն կկարողանանք գնահատել՝ կարիք կունենա, թե՝ ոչ: Կարիք ունենալու դեպքում շատ չի լինելու դա, որովհետև տարածքների կորստի պատճառով մոտ 30%-ով սպառման անկում կլինի»- ասում է նա և հավելում, որ դա կախված է, թե որքան մարդ կվերադառնա Արցախ, և թե Արցախի տարածքում գտնվող արդյունաբերական որ ձեռնարկությունները կշարունակեն գործել կամ վերագործարկվել:
Հակոբ Վարդանյանը նշում է նաև, որ Արցախում դեռևս ամբողջությամբ վերականգնված չէ ջեռուցման ամբողջ համակարգը: Սպառումը ներկայում բավական մեծ է՝ 47-55 ՄՎտ/ժ, ինչը հավասարազոր է մինչպատերազմյան ցուցանիշին:
Էներգետիկ փորձագետ, հանրային խորհրդի անդամ Էդուարդ Արզումանյանն էլ նշում է, որ Արցախի հէկ-երի կորուստը առանձնապես մեծ փոփոխություն և ազդեցություն չի ունենա Հայաստանի և Արցախի էներգետիկ համակարգի վրա, քանի որ Արցախում արտադրվող էլէնեգիայի ընդհանուր արժեքը մեծ չէր և Արցախն այսօր կարող է էլէներգիա ստանալ Հայաստանից:
«Կարևորն այն է, որ այն փոքր ազդեցությունը, որ կարող էր ունենալ այդ հէկ-երի կորուստը՝ դեկտեմբերին քննարկվել է ՀԾԿՀ-ում և էլէներգիայի նոր սակագին է ընդունվել: Փետրվարի մեկից արդեն հաստատվել է նոր սակագինը. ինչ եղել եղել է»,- ասում է նա և հավելում, որ Հայաստանից Արցախ մատակարարվող էլէներգիայով կորցրած էլէներգիայի բացասական ազդեցությունը կնվազի:
Ինչ վերաբերում է Հայաստանում էլէներգիայի թանկացման հետևանքներին, Է. Արզումանյանը նշում է, որ բնակչության 90 տոկոսը էլէներգիայի թանկացումը չի զգա, այն կազդի միայն 10 տոկոսի վրա` հիմնականում գործարարների:
Էդուարդ Արզումանյանը անդրադարձավ նաև Մեծամորի ատոմակայանի՝ 141 օր փակմանը, ասելով, որ հիմնականում ատոմակայանի փակումն է էլէներգիայի սակագնի բարձրացման պատճառը: Այդ օրերին ատոմակայանում աշխատանքներ կան իրականացնելու, որի ավարտից հետո այն կարող է ևս 10 տարի շահագործվել, սակայն արդեն նման տևական կանգ ատոմակայանը չի ունենա:
Իսկ թե ստեղծված իրավիճակում ինչպե՞ս է ձևավորվելու Հայաստանի և Արցախի էներգետիկան և ի՞նչ ռազմավարություն է մշակվելու՝ դեռևս անորոշ է: