Գյումրու քաղաքապետն ու «Բալասանյան դաշինքի» անդամները հրաժարական են տվել

Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության 14 անդամները՝ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ մանդատից հրաժարվելու վերաբերյալ արձանագրություն են ներկայացրել թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին Գյումրու քաղաքապետարանից։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 25–ին «Բալասանյան դաշինքի» ընտրացուցակում ընդգրկված, սակայն մանդատ չստացած անձինք ինքնաբացարկ էին ներկայացրել և դուրս եկել ցուցակից:
«Բալասանյան դաշինքն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» 2022 թվականին կոալիցիոն հուշագրի հիման վրա Գյումրին ղեկավարում էին համատեղ, սակայն նախորդ տարի ՔՊ–ն խզեց դաշինքի հետ հուշագիրը:
Ավելի վաղ ԶԼՄ–ները գրում էին, որ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել։ Տեղեկատվություն կար, թե Գյումրիի ավագանու «Բալասանյան» դաշինքի անդամներն այսօր նույնպես վայր կդնեն մանդատները։
Նշենք, որ 2021 թվականին անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարեցին 5 ուժ, բայց նրանցից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չէր կարող, քանի որ ստացած քվեների համաձայն` ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ, որևէ ուժի բաժին չէր հասել։ Այդ պատճառով էլ ՔՊ–ն ու «Բալասանյան» դաշինքը համագործակցության հուշագիր ստորագրեցին։
Վարդգես Սամսոնյանը քաղաքապետի պարտականությունները ստանձնեց 2021 թ. նոյեմբերի 4-ին։
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Գյումրու քաղաքապետի հրաժարականի հարցը քննարկվում էր դեռ ամիսներ առաջ, քանի որ իշխող կուսակցությունը ուզում է միանձնյա ղեկավարել քաղաքը ու դրա համար ցանկանում էր գնալ արտահերթ ընտրությունների. ՔՊ-ն իր թեկնածուն ունի՝ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը։
Աղբյուրը՝ Sputnik Արմենիա