ԿԲ նախագահն անդրադարձել է գնաճի տարեկան թիրախը 3 տոկոս դարձնելու առաջարկին
Գնաճն ազդում է երկրում ձեւավորվող բոլոր տոկոսադրույքների վրա, ու եթե մենք կարողանում ենք գնաճը կառավարելի դարձնել ոչ թե 4, այլ 3 տոկոս մակարդակի վրա, ապա ստեղծում ենք մի միջավայր, որտեղ ծախսերը, որոնք կապված են բարձր տոկոսադրույքների հետ, փորձելու ենք նվազեցնել: Մամուլի ասուլիսում ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով գնաճի տարեկան թիրախը 4 տոկոսից 3 տոկոս դարձնելու առաջարկին:
«Մեր դրամավարկային քաղաքականությունն աշխարհում լավագույններից է եւ մենք կարծում ենք, որ մեր վստահությունը մեր քաղաքականության նկատմամբ այնպիսին է, որ մենք պետք է արդեն խաղանք ուրիշ լիգայում, ուրիշ խաղացողների հետ՝ ավելի բարդ խնդիրների առերեսվելու տեսանկյունից եւ մենք պատրաստ ենք այդ մարտահրավերները մեզ վրա վերցնել:
Մի բան է՝ կառավարել գնաճ, որը 2-3 տոկոս է, մեկ այլ բան է, որ գնաճը 4-5 տոկոս է: Այդտեղ քո խաղալու հնարավորությունը մի քիչ ավելի լայն է: Այս պարագայում մենք ասում ենք՝ մենք այնքան կոփել ենք մեզ, մկանային մասա ենք ձեւավորել, որ կարող ենք այդ լիգայում խաղալ»,-ասել է նա:
Միաժամանակ նշվել է հարցի քաղաքական կողմը. « Ցածր գնաճը մի կողմից ունի դրական ազդեցություններ, բայց մյուս կողմից եթե գնաճը բարձր է, պետության նոմինալ եկամուտները ավելի մեծ են: Այստեղ պետք է բալանսավորման խնդիր լուծենք, թե երբ է ճիշտ ժամանակը դա իրագործելու»,-ասել է նա: