Քննարկվում է միայն Հայաստան-Արցախ տրանսպորտային միջանցքի հարցը, իսկ էներգետիկ միջանցքի մասին խոսք չկա

Պատերազմի հետևանքով Արցախն ու Հայաստանն այսօր բազմաթիվ ենթակառուցվածքային խնդիրներ ունեն։ Որոշ գնահատականներով՝  այժմ Արցախի ջրային և էներգետիկ  համակարգերի ավելի քան 80 տոկոսը հակառակորդի հսկողության տակ է: Արցախի հիդրոէներգետիկ համակարգերի վերականգնման  հնարավորությունների մասին ներկայացնում ենք  «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու Գրիգոր Գաբայանի տեսակետը:

-Արցախն արտադրում էր շուրջ երկուսուկես  անգամ ավել էլեկտրաէներգիա, քան իր կարիքներն էին։ Այդ ավելցուկները գալիս էին Հայաստան։ Դրա համար կառուցվել էին` 110 ԿՎ լարմամբ գծեր, որոնք միացնում էին Հայաստանն Արցախին, և այս համակարգը շատ լուրջ օգնում էր Հայաստանի էներգետիկային։ Եթե սկզբնական շրջանում մենք ունեինք Արցախում միայն մեկ՝ Սարսանգի հիդրոկայան, որն ապահովում էր որոշ չափով Արցախի էլեկտրաէներգիայի պահանջները, ապա սկսած 2000 թվականից ակտիվ սկսեցին հիդրոկայաններ կառուցվել Արցախի տարածքում։  Ճիշտ է՝ հիմնականում դրանք տեղադրված էին Քարվաճառի և Քաշաթաղի տարածքներում։ Շատ ակտիվ այնտեղ սկսվեց հիդրոկայանների կառուցումը։ Սկզբից կառուցվում էին ավելի փոքր կայաններ՝ տեղական սարքավորումներով, իսկ վերջին մի քանի տարում շատ ավելի ակտիվացավ: Սկսվեցին կառուցվել  լուրջ՝ մինչև 12-13 մեգավատանոց կայաններ, որոնց սարքավորումները բավականին բարձր որակով եվրոպական սարքավորումներ էին՝ լրիվ ավտոմատ համակարգերով։ Ցավոք սրտի, դրանցից շատերը 1-2 տարի աշխատեցին և եղավ այն, ինչ եղավ։ Նույնիսկ կայան ունեինք, որի թողարկումը պետք է լիներ, բայց այդպես էլ չեղավ։ Այսինքն՝ սարքավորումները Եվրոպայից եկան-հասան Հայաստան, բայց կայան չհասան, որովհետև արդեն տարածքը գրավված էր։ Սա բավականին ազդեց ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի էներգետիկ համակարգի վրա։ Վերջերս տեսել եք, որ անջատումները շատացել են և սա  կապված է նրա հետ, որ մենք կորցրեցինք բավականին լուրջ հզորություններ Արցախի տարածքում։  

Իսկ ի՞նչ ունենք մենք ասօր: Արցախում մնացել է Սարսանգի հիդրոկայանը և մի 3-4 հիդրոկայան, որոնք այդքան էլ մեծ չեն։ Լուրջ կայանները բոլորը կորցրել ենք, այդ թվում՝ 4 կայան,  որոնք մոտ 14-15 մեգավատանոց կայաններ էին: Խնդիրներ ունենք էլեկտրահաղորդման գծերի հետ, որովհետև որոշները վնասվել են, կորցրել ենք կապը։ Հիմնականում այդ գծերը գալիս էին Քարվաճառի և Քաշաթաղի տարածքով։ Հիմա  գծերի հարցն էլ լուրջ վիճակում է։ Այսինքն, նույնիսկ, եթե ինչ-որ հզորությունների հնարավորություն լինի, ասենք  Հայաստանից Արցախ կամ Արցախից Հայաստան՝ առաջ է գալու այդ գծերի հարցը, որովհետև, եթե այսօր խոսում ենք տրանսպորտային միջանցքի մասին, ապա ոչ մի խոսակցություն չկա էլեկտրահաղորդման գծերի միջանցքի մասին: