Հնդկաստանի, Եգիպտոսի և Իրաքի քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզա ստանալու կարգը փոխելու նպատակը միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարումն է

Հայաստանի կառավարությունը Հնդկաստանի, Եգիպտոսի և Իրաքի քաղաքացիների համար Հայաստան մուտքի վիզա ստանալու կարգում փոփոխություն կատարելու որոշմանն է հանգել՝ ուսումնասիրելով միգրացիոն գործընթացները։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է կառավարությունը Հնդկաստանի, Եգիպտոսի և Իրաքի քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզա ստանալու ընթացակարգերը խստացնելու որոշում կայացրել։
«Խստացնել բառը մի տեսակ կոշտ է հնչում, որովհետև մենք ընդամենը մեկ փոքր կարգավորում ենք տվել, թե ինչ ճանապարհով այդ երկրների քաղաքացիները կարող են վիզա ձեռք բերել։ Այնպես չէ, որ վիզայի պահանջ չկար, հիմա վիզայի պահանջ է սահմանվել, կամ այնպես չէ, որ վիզայի գներն են շատ բարձրացել, ընդամենը վիզայի ձեռքբերման եղանակներն են փոփոխվել այդ երկրների քաղաքացիների համար։ Այդ որոշմանը մենք հանգել ենք՝ ուսումնասիրելով միգրացիոն գործընթացները, դրանք մանրամասն նշված են կառավարության որոշման հիմնավորման մեջ։ Առկա միգրացիոն հոսքերը մեզ բերել են այն եզրահանգման, որ այդ փոքր կարգավորումն էական նշանակություն կունենա միգրացիոն հոսքերի կառավարման բարելավման հարցում»,- մանրամասնեց Արմեն Ղազարյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նախագծով առաջարկվում է Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիներին էլեկտրոնային վիզաներ տրամադրել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ռուսաստանի Դաշնության, Ճապոնիայի, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակի կամ վավեր մուտքի վիզայի առկայության պարագայում։ Կամ վերոնշյալ երկրների քաղաքացի հանդիսացող և ՀՀ մուտքի վիզա ստանալու համար դիմող անձը պետք է ներկայացնի ինքնաթիռի տոմս (վերադարձով) մուտքի վիզայի դիմումների ուսումնասիրության փուլում․ որպես գնահատման չափանիշ՝ կարևոր է ոչ թե միակողմանի, այլ վերադարձով ինքնաթիռի տոմսի առկայությունը, որպես նախանշված ժամկետում վերադառնալու մտադրության ապացույց։
Հաջորդ պահանջը տվյալ օտարերկրացու՝ Հայաստանի Հանրապետություն այցելությամբ հետաքրքրված կողմի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող իրավաբանական անձի, պետական մարմնի, օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ միջազգային կազմակերպության հրավերն է (հայտագիր, նամակ, միջնորդություն)։ Գործնականում բազմաթիվ են դեպքերը, երբ E-VISA համակարգում կցվում է ոչ թե տուրիստական ընկերության հրավեր, այլ տվյալ օտարերկրացու ՀՀ այցելությամբ հետաքրքրված կողմի հրավերը, որն այցելության իրական նպատակի արժանահավատությունը գնահատելու համար ոչ պակաս կարևոր և օժանդակ փաստաթուղթ է։
Առաջարկվում է նշված երկրների քաղաքացիների կողմից որպես E-VISA համակարգով դիմելու համար անհրաժեշտ պայման սահմանել ֆինանսական միջոցների առկայության մասին հիմքերի ներկայացումը (բանկային քաղվածք, այլ ապացույցներ), որը ոչ միայն միջազգային պրակտիկայում ընդունված մոտեցում է, այլև տվյալ դեպքում էական նշանակություն է ունենալու, քանի որ խնդրահարույց դիմումների պարագայում նման ապացույցներ ներկայացնելը հիմնականում հնարավոր չի լինելու, ինչը դիմումների արժանահավատությունը գնահատելու համար որոշիչ չափանիշ է։
Առաջարկվում է նաև որպես էլեկտրոնային վիզա ստանալու նախապայման սահմանել նաև առողջապահական (ճամփորդական) ապահովագրության առկայությունը։ Այս խնդիրն առավել արդիական է, քանի որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Հնդկաստանի մի շարք քաղաքացիների մոտ արձանագրվել են տուբերկուլյոզի հաստատված դեպքեր։
Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունում է պայմանավորված է դեպի ՀՀ ուղղված իմիգրացիոն հոսքերի կանոնակարգման և անօրինական միգրացիոն հոսքերի կանխարգելման անհրաժեշտությամբ։