Sputnik. Ագրարային համալսարանի դասախոսներն ու ուսանոցները ցույցի էին դուրս եկել

Հայաստանի ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները դեմ են, որ համալսարանի 2-րդ մասնաշենքը տրվի Ֆրանսիական համալսարանին։ Նրանք երթով համալսարանից եկել են կառավարության մոտ` հայտնելու իրենց դիրքորոշումը։
Նշենք, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի թվում ընդգրկված է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանից Հայաստանում ֆրանսիական համալսարանին տարածք հատկացնելու մասին նախագիծ։
«Այդ նախագիծը եթե որոշում դառնա և օտարվեն այդ տարածքները, կխաթարվի Ագրարային համալսարանի բնականոն գործունեությունը, որովհետև այդ պարագայում շուրջ 40 լսարան տրամադրվելու է Հայաստանում ֆրանսիական համալսարանին և շուրջ 1300 ուսանողի համար ֆիզիկապես անհնարին կլինի ուսումնական պարապմունքներ կազմակերպելը»,–լրագրողներին ասաց Ագրոնոմիական ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Արմենակ Տեր-Գրիգորյանը։
Նա հավելեց, որ այդ մասնաշենքում են տեղակայված եզակի կարևորության լաբորատորիաներ, որոնց տեղափոխումն անհնար է, իսկ դրանց բացակայության պարագայում անհնար կլինի իրականացնել համալսարանի կրթական ծրագրերը։
«Լուրջ խնդիր է առաջանալու։ Մենք մեր անհամաձայնությունը ներկայացնելու ենք կառավարությանը, որպեսզի այդ որոշման նախագիծը հանվի շրջանառությունից»,–հավելեց նա։
Փաշինյանը մտածում է բուհերի շենքերը տալ վարձակալության, հասույթն ուղղել Ակադեմիական քաղաք
Դասախոսներից Արա Ամիրյանը մտահոգություն հայտնեց, որ խոսակցությունները, թե համալսարանների շենքերը հյուրանոցներ կդառնան, կարող են ճիշտ լինել։
«Ինչքան տարածք պետք է վերցնեն, խփում են Ագրարայինի գլխին։ Ինչքա՞ն պետք է լռենք, սա նման է հող հանձնելուն, և մենք դեմ ենք»,–ասաց դասախոսը։
Նա նաև ընդգծեց, որ նման նախագիծ շրջանառության մեջ դնելուց առաջ այդ հարցն իրենցից որևէ մեկի հետ չի քննարկվել։
Աղբյուրը՝ Sputnik