Կապանի հատուկ կրթահամալիրի գնացող տրանսպորտ չկա, երեխաները գիշերում են դպրոցում

Կապանի հատուկ կրթահամալիրի գնացող տրանսպորտ չկա, երեխաները գիշերում են դպրոցում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ԿԳՄՍՆ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր և մի շարք խնդիրներ հայտնաբերել։  ՄԻՊ գրասենյակի հրապարակման համաձայն, պարզվել է, որ արձանագրված խնդիրների մի մասը համակարգային են և պահանջում են անհետաձգելի լուծումներ։
Արձանագրվել է, որ կրթահամալիրում սովորող երեխաների համար անհրաժեշտ խելամիտ հարմարեցումներ ապահովված չէին։ Տնօրինությունը նշել է, որ ներկայումս դրան ուղղված քայլեր իրականացվում են:
Կրթահամալիրն ունի բազմամասնագիտական թիմով, այդ թվում՝ էրգոթերապիստներով, ժեստերի լեզվի թարգմանիչներով և այլ մասնագետներով համալրվելու անհրաժեշտություն։ Այս տեսանկյունից խնդրահարույց է ինչպես հաստիքների, այնպես էլ մարզում նեղ մասնագետների բացակայությունը։
Բացի այդ, առկա է կրթահամալիրի աշխատակիցների ոչ մասնագիտական ծանրաբեռնվածություն, ինչը պայմանավորված է ռեսուրսների սակավությամբ:
Հեռավոր բնակավայրերից եկած երեխաները հաճախ գիշերում են կրթահամալիրում տրանսպորտի բացակայության պատճառով։
Արձանագրվել է նաև, որ առկա է կրթահամալիրի աշխատակիցների շարունակական վերապատրաստումների իրականացման անհրաժեշտություն՝ ըստ մասնագիտական աշխատանքային բովանդակության և այլն:
Այցի ավարտին արձանագրված խնդիրները քննարկվել են կրթահամալիրի տնօրենի և աշխատակազմի հետ: Տնօրենը պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացրել է խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, այդ թվում՝ կրթահամալիրի կանոնադրության փոփոխության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Նշվում է, որ մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, առաջարկությունների հետ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին: