Քաջարան համայնքում մեծ ծրագրեր են իրականացվում. աջակցում է նաև ԶՊՄԿ-ն

Քաջարան համայնքում մեծ ծրագրեր են իրականացվում. աջակցում է նաև ԶՊՄԿ-ն

 2024 թվականին Սյունիքի մարզի Քաջարան համայնքում ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ մեկնարկել են «Քաջարան համայնքի Քաջարան քաղաքում նոր նախադպրոցական ուսումնական հաստատության կառուցում» սուբվենցիոն ծրագրի շինաշխատանքները։

 120 երեխայի համար նոր ՆՈՒՀ-ը կառուցվում է նախկինի շենքի տարածքում, որը շահագործման համար արդեն նպատակահարմար չէր։

Շինարարության արժեքը 544 միլիոն դրամ է, որի 78 տոկոսը հատկացվում է ՀՀ պետական բյուջեից։

Աշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոսից, շինարարության համար 18 ամիս ժամկետ է նախատեսված, որից հետո քաջարանցի փոքրիկները լիովին նոր ու հարմարավետ ՆՈՒՀ հաճախելու հնարավորություն կունենան։

 2023 թվականից մեկնարկած սուբվենցիոն ծրագրով Քաջարան համայնքում հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում դեպի Փուխրուտ գյուղական բնակավայր (3257 մ) և դեպի Կաթնառատ գյուղական բնակավայր (1309 մ) տանող ներհամայնքային ճանապարհներին, որոնք նախկինում անբարեկարգ էին։

 Իրականացվող աշխատանքների շրջանակում ճանապարհները նաև լայնացվում են, կառուցվում կողային առուներ, ապահովվում է ջրահեռացումը, անհրաժեշտ հատվածներում կառուցվում են հենապատեր։

 Արդյունքում գյուղերը կունենան հիմնանորոգված, ասֆալտապատ ու ավելի լայն ավտոճանապարհներ։

Ծրագրի արժեքն է 514 մլն 692 հազար դրամ, որի 60 տոկոսը ՀՀ պետբյուջեի համաֆինանսավորման չափն է։

 Շինաշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև այս տարեվերջ։

 Քաջարանում նաև բակեր ու փողոցներ են հիմնանորոգվում։

 Քաջարանի Գայի փողոցի բակերի, ետնաբակերի և հենապատերի հիմնանորոգման, վերակառուցման և բարեկարգման աշխատանքների արժեքը 62 մլն 532 հազար դրամ է, որի մեջ պետական համաներդրման մասնաբաժինը 60 տոկոս է։

 Քաջարան համայնքի Քաջարանց գյուղի համայնքային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների արժեքը 112 մլն 80 հազար դրամ է, որի մեջ պետական համաներդրման մասնաբաժինը 60 տոկոս է։

 Քաջարանի Բաբիկավան թաղամասում, Տերյան և Բակունցի փողոցներում այս տարի ավարտվել են նախորդ տարիներից ընթացող շինաշխատանքներն ու նոր մարզադաշտեր ու խաղահրապարակներ են բացվել։

 Դրանք իրականություն են դարձել ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ սուբվենցիոն ծրագրերով, որոնց մասնակից է նաև «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ն։