Մխիթար Հայրապետյանն այցելել է Երևանի պետական համալսարան

Մխիթար Հայրապետյանն այցելել է Երևանի պետական համալսարան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ հոկտեմբերի 30-ին այցելել է Երևանի պետական համալսարան՝ հանդիպում ունեցել ԵՊՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ՝ քննարկելու գործակցության ընդլայնման նոր ուղիները:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել Ֆարմացիայի և Ֆիզիկայի ինստիտուտներում, Քիմիայի ֆակուլտետում, ծանոթացել է նոր սերնդի սարքավորումներով հագեցած լաբորատորիաներին, իրականացվող գիտական նախագծերին ու արտադրանքին, ժամանակակից լուծումներով վերանորոգված ու կահավորված լսարաններին և աշխատասենյակներին, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել իրականացվող  աշխատանքների ընթացքին և նախանշվող ծրագրերին:

Համալսարանի գիտաշխատողները նախարարին ներկայացրել են ԵՊՀ ֆինանսավորմամբ իրականացվող գիտական նախագծերը, ձեռք բերված սարքավորումները և մի շարք գործակցությունների արդյունքում իրականացված ծրագրերը,  ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից ու արտերկրից ստացած դրամաշնորհներով կատարված աշխատանքները:

Նախարար Հայրապետյանը կարևորել է ԵՊՀ լաբորատորիաներում հիմնարար հետազոտությունների արդյունքում ստացված փորձանմուշները տնտեսության մեջ ավելի կիրառական դարձնելու հարցը, ընդգծել, որ նախարարության ռազմավարություններից է կիրառական ուղղությունների քաղաքականության մշակումը։ Այս համատեքստում քննարկվել են գործակցությունը խորացնելու հնարավորությունները:

Այնուհետև կայացել է հանդիպում-քննարկում, որին մասնակցել են համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները: Համալսարանականներն հայտնել են իրենց մտահոգություններն ու առաջարկները։ Նախարարը լսել է համալսարանականների՝ հետազոտություններն արտադրանքի վերածելու, այն  ներքին և միջազգային շուկաներում ներկայացնելու և գործակցելու առաջարկները, պատասխանել նրանց հարցերին:

Նախարարն անդրադարձել է նաև ոլորտի զարգացման համար նախարարության կողմից նախաձեռնվող մի շարք քայլերի, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը խթանող օրենսդրության մշակմանը։ 

Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նմանատիպ հանդիպումների ձևաչափը շարունակական դարձնելու: