Ավանեսյան. Ինձ համար 2025 թվականի հաստատված բյուջեն որոշակի առումով խնդրահարույց է

Ինձ համար 2025 թվականի ՀՀ առողջապահության նախարարության հաստատված բյուջեն որոշակի առումով խնդրահարույց է։ Նման միտք ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ արտահայտել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մեր միջնաժամկետ ծախսերի շրջանակում մենք 2025-ին արդեն նախատեսել էինք համապարփակ առողջապահական ապահովագրության առաջին փուլի մեկնարկը, որը պետք է ընդհանուր առմամբ, շրջանակը պահպանելով ապահովեինք 218 մլրդ դրամի շրջանակներում: Սակայն, ինչպես նշվեց, ֆիսկալ շրջանակի սահմանափակ լինելու հետ կապված ապահովագրության հատվածը, ըստ էության, դուրս է եկել: Դրանից հետո մենք ֆինանսների նախարարության հետ կքննարկենք ապահովագրությունը հանելուց հետո այս ծրագրերի բաշխվածությունը:
Մենք ամեն տարի ունենում ենք խնդիր, որ մի ծրագրով դիմելիության աճի ֆոնին պետք է լինում վերաբաշխումներ իրականացնել, եւ դրա ընթացքը երկար է լինում՝ 2-3 ամիս: Սա անտեղի խնդիրներ է հարուցում, որովհետեւ այուամենայնիվ ֆինանսավորում ենք: Հիմա մենք առաջարկում ենք, որ չունենանք բազմաթիվ ծրագրեր ֆինանսավորման մասով, բայց պահպանենք արդյունքային ցուցանիշները»,-ասաց նախարարը:
«Ինձ համար 2025 թվականի ՀՀ առողջապահության նախարարության հաստատված բյուջեն որոշակի առումով խնդրահարույց է: Ցավոք սրտի, 2022 թվականին առողջապահության ծախսերը եղել են ՀՆԱ–ի 1.5 %-ի շրջանակներում, 2023 թվականին այն դարձել է 1.6 %, իսկ 2025 թվականի բյուջեով վերադարձել ենք 1.5 %-ի շրջանակներ։ Մենք կարծում ենք, որ որպես առաջնահերթություն, բյուջեն չի արտահայտում մեր դիրքորոշումը»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։