ՀՀ–ում կլինի շտապօգնության զանգերի 2 կենտրոն, իսկ մեքենաները կունենան նոր տեսք. նախարար
Մինչև 2024 թ. տարեվերջ ՀՀ–ում շտապօգնության բոլոր մարզային ծառայությունները կմիավորվեն, ու կլինի հանրապետական մեկ միասնական ծառայություն։ Sputnik-ը հայտնում է, որ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Արդեն իսկ Շիրակի, Արագածոտնի, Լոռիի ծառայություններն ամբողջովին միավորվել են ու սպասարկվում են մեկ միասնական զանգերի կենտրոնից։ Մեր աշխատանքների արդյունքում կունենանք ամբողջ հանրապետության համար Երևանի և «Գյումրիի զանգերի կենտրոններ։ Կանչերը սպասարկվելու են ոչ թե կցագրման սկզբունքով, այլ մոտակա կանչի սկզբունքով»,– նշեց Ավանեսյանը։
Նա տեղեկացրեց, որ իրականացրել են թվային քարտեզագրում, ամբողջովին փոխել են ծրագրային ապահովումը, և Գյումրիում արդեն իսկ գործող զանգերի միացյալ կենտրոնն աշխատում է լրիվ նոր պայմաններում, սարքավորումներով, վերապատրաստում անցած մասնագետներով։
«Մենք արդեն իսկ տեսնում ենք կանչերի կրճատում։ Սա նշանակում է, որ մեր կողմից իրականացվում է զանգերի միջոցով գրագետ խորհրդակցություն, տրվում է ճշգրիտ գնահատական, թե այդ կանչը շտապօգնությա՞ն լուծելի հարցն է, թե՞ պետք է ուղղորդել պոլինիկիա` ամբուլատոր բժշկի մոտ։ Այսպիսով, մենք կարողացել ենք օպտիմալացնել շտապօգնության աշխատանքը»,– ընդգծեց նախարարը։
Ինչ վերաբերում է շտապօգնության մեքենաներին, ապա Ավանեսյանն ասաց, որ դրանց պակաս չկա, սակայն պարկը պարբերաբար պետք է համալրվի ու թարմացվի։ Այդ նպատակով մինչև 7 նոր մեքենայի ձեռքբերման հարցն այս պահին ձևակերպուների փուլում է։
Բացի այդ, ըստ նրա` Կորեայի հետ է աշխատում նախարարությունը` ձեռքբերելու ևս 4 մեքենա։
Նախարարն ընդգծեց, որ առաջիկայում կվերափոխվի նաև շտապօգնության մեքենայի ամբողջ արտաքին ձևավորումը. ճանաչելիության առումով կլինի մեկ ընդհանուր մակնշում։