Երևանում թենիսի ակադեմիա կհիմնվի

Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում նախատեսվում է թենիսի ակադեմիա հիմնել։ Երևանի քաղաքապետարանի ց աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանի խոսքով` հավաքովի կոնստրուկցիաներով մարզադաշտի կառուցման աշխատանքները մեծ կարևորություն ունեն Երևանի սպորտային ենթակառուցվածքների զարգացման և երիտասարդների առողջ ու ակտիվ միջավայրի ապահովման համար։ Նոր մարզադաշտի կառուցումը հնարավորություն կտա արագ և արդյունավետ սպորտային հարթակ ստեղծել։ Արդեն իսկ կազմվել է հավաքովի կոնստրուկցիաների մարզադաշտի ելակետային տվյալներով տեխնիկական բնութագիրը։ Առաջիկայում նախագծային մրցույթ հայտարարելու համար այդ բնութագիրը կփոխանցվի շինարարության և բարեկարգման վարչությանը։
«Ակադեմիայում 6 բաց և 4 փակ կորտ կլինի։ Նախագծային աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Մարզակառույցը 350 նստատեղ կունենա, որը հնարավորություն կտա նաև միջազգային խոշոր մրցաշարեր իրականացնել»,– նշեց Մակվեցյանը։
Ի հավելումն` Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ հաջորդ տարի արդեն գործնական փուլը կսկսվի։