Նախարար. ԵՄ–ի հետ առևտրային նոր ռեժիմի շուրջ ՀՀ բանակցությունները հեշտ չեն ընթանում

Նախարար. ԵՄ–ի հետ առևտրային նոր ռեժիմի շուրջ ՀՀ բանակցությունները հեշտ չեն ընթանում
Եվրամիության հետ առևտրային նոր ռեժիմի շուրջ բանակցությունները հեշտ չեն ընթանում։ Sputnik-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
ԵՄ–ի «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմը Հայաստանի համար գործում էր 2019–ից 2021 թ–ի վերջը և նախատեսում էր մաքսատուրքերի զրոյացում մի շարք ոչ հումքային ապրանքների համար` հագուստ, ալյումինե փայլաթիթեղ, սննդամթերք և այլն:
«2022 թվականից այս ռեժիմը դադարել է գործել, քանի որ Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ի մակարդակով սկսել է համարվել միջին եկամուտ ունեցող երկիր։ Հայաստանը բանակցում է նոր ռեժիմի՝ ATM–ի (առևտրի ինքնավար միջոցառումներ) շուրջ, սակայն եվրոպացի գործընկերները նախազգուշացնում են, որ այն լիարժեք գործել չի կարող: Այդ պատճառով բանակցություններ են ընթանում դրա մասնակի կիրառման վերաբերյալ»,– ընդգծեց նախարարը։
Նրա խոսքով` ԵՄ արտահանվող այն ապրանքների համար, որոնց վաճառքի հարցում կարող են դժվարություններ առաջանալ, նախարարությունը քննարկում է աջակցության ժամանակավոր միջոցներ կիրառելու հարցը: