«Հայկական բրենդի»՝ «Կոնյակ»-ի փոխարեն

«Հայկական բրենդի»՝ «Կոնյակ»-ի փոխարեն

Հայ արտադրողներն իրենց արտադրանքը չեն մակնշի «Կոնյակ» անվանումով, որը ԵՄ-ի կողմից պաշտպանված աշխարհագրական նշում է, փոխարենը «Հայկական բրենդին» կգրանցի որպես աշխարհագրական նշում:  

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ-ում ասել է, որ «Կոնյակ» աշխարհագրական նշման օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցման ուղղությամբ անհրաժեշտ գործընթացներ են արվում: Երկու շաբաթից մեկնարկելիք ԵՄ աջակցության ծրագրի շրջանակում ԵՄ-ն աջակցություն կտրամադրի հետևյալ ուղղություններով՝ սահմանել շուկայահանվող կոնյակի որակական հսկողության ապահովման նպատակով լաբորատոր ենթակառուցվածքների պահանջները, նախագծել որակի վերահսկման կայուն համակարգ՝ արտադրանքի ստուգման և հավաստագրման ստանդարտացված ընթացակարգով, վերահսկել կոնյակի նոր անվանման օգտագործումը և զարգացնելու կարողությունները և այլն:

«Ընդ որում, կոնյակի վերաբրենդավորման գործընթացում առանցքային է համարվում այն, որ նոր անվանմամբ հայկական բրենդին գրանցվի որպես աշխարհագրական նշում, ունենա հստակ չափանիշներ, արտադրության, որակի հսկողության և վերահսկողության ճշգրիտ մեխանիզմներ, որոնց պետք է ենթարկվեն հայկական բրենդի արտադրողները, որոնք կօգտագործեն նոր աշխարհագրական անվանումը»,–ասաց Պապոյանը: 

Նա հետագա փուլում անհրաժեշտ համարեց նաև նոր մարմնի կամ կազմակերպության հստակեցումն ու ամրագրումը, որը պատասխանատու կլինի կոնյակի վերաբրենդավորման շրջանակում նախատեսված գործընթացների իրականացման և համակարգման համար: