Բյուջետային քննարկումները շարունակվում են

Բյուջետային քննարկումները շարունակվում են

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվել են 2025 թվականի բյուջետային քննարկումները. այսօր ներկայացվել են տարածքային կառավարման, շրջակա միջավայրի, գյուղատնտեսության ու ջրային տնտեսության ոլորտներում, համայնքներին տրվող դոտացիաների ու պատվիրակված լիազորությունների իրականացման հարցում գալիք տարվա ընթացքում նախատեսված հատկացումները: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով, Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ոլորտի ծախսերի համար 2024 թվականին նախատեսված է եղել 44 մլրդ 522 մլն դրամ, իսկ 2025 թվականին` 43 մլրդ 10 մլն դրամ` 1 մլրդ 512 մլն դրամով պակաս նախորդ տարվա հատկացումից: Նախարարի խոսքով հիմնական նվազեցումներն ընթացիկ ծախսերի գծով են, իսկ կապիտալ ծախսերի գծով կա ավելացում:

Շրջակա միջավայրի նախարարության հատկացումներում կա էական ավելացում: Նախորդ տարվա բյուջեով 9 մլրդ 792 մլն դրամ էր նախատեսված, իսկ 2025 թվականի բյուջեի նախագծով պլանավորվել է 13 մլրդ 471 մլն դրամ:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման ծախսերը ներկայացնելով` Վահե Հովհաննիսյանը նշել է, որ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը նախատեսված են 15 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 2 մլրդ 470 մլն դրամ: Նախարարը տեղեկացրել է, որ հիմնական գումարն ավիացիոն ծառայությունների մատուցման մասով է: Ներկայացվել են նաեւ վերոնշյալ նախարարության ջրային տնտեսության ծախսերը: 2025 թվականին նախատեսված է 195 մլրդ դրամ, որը 2024 թվականի համեմատ ավելի է 4 մլրդ 808 մլն դրամով: Գումարի հիմնական մասը տեղական ինքնակառավարման մարմիններին տրվող դոտացիաներն են: Դրանք 2024 թվականին կազմել են 85 մլրդ 314 մլն դրամ, 2025 թվականին այդ գումարն ավելացել է 12 մլրդ դրամով: «Սա բանաձեւով հաշվվող գումար է, մեր համախմբված բյուջեի 4 տոկոսն է կազմում եւ 2025 թվականին կազմելու է 98 մլրդ 205 մլն դրամ»,- պարզաբանել է նախարարը:

Հարցուպատասխանի ձեւաչափում անդրադարձ է եղել գյուղատնտեսության ոլորտում հատկացումների նվազմանը, ջրային տնտեսության ոլորտում ֆինանսական միջոցների ծախսման ուղղություններին, ոռոգման ջրի կորստի խնդրին և այլն: