Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգային խնդիրներ կան. ՄԻՊ–ը թվարկեց դրանք

Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգային խնդիրներ կան. ՄԻՊ–ը թվարկեց դրանք
Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգը մի շարք խնդիրներ ունի` սկսած ուսումնական հաստատություններում երեխաներին բուլինգի ենթարկելուց, մինչև սեռական բռնության ենթարկված երեխաներին թիրախավորելն ու այդ արատավոր երևույթն արդարացնելը։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` ելույթ ունենալով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հրավիրված խորհրդարանական լսումներում։
Նշենք, որ խորհրդարանական լսումների քննարկման թեման է «ՀՀ չորրորդ ազգային զեկույցում երեխայի իրավունքների վերաբերյալ ներկայացվելիք հարցերը»:
Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող ոլորտային խնդիրներին` Մանասյանը նշեց, որ առաջին հերթին դրանք վերաբերում են երեխաների նկատմամբ բռնության դեպքերին։
Նրա խոսքով` պետք է անդրադառնալ երեխաների հանդեպ ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական և այլ բռնության տեսակներին։
«Անդրադառնալով ուսումնական հաստատություններում բուլինգի հիմնախնդրին` պետք է նշեմ, որ դա շատ լուրջ խնդիր է, քանի որ մեր մշտադիտարկումները ցույց են տալիս, որ ուսուցիչները, լինելով հիանալի մարդիկ, չունեն այն մասնագիտական հմտությունները, որոնք պետք են այդ և նմանատիկ երևույթները կանխարգելելու համար»,–ասաց Մանասյանը։
Նրա խոսքով` երկրորդ լուրջ խնդիրը երեխաների անձնական տվյալների պաշտպանությանն է վերաբերում, որն ամենօրյա ռեժիմով խախտվում է սոցիալական ցանցերում, ԶԼՄ–ներում։
«Այս ոլորտի խնդիրները հատկապես ակնառու են սեռական բռնության զոհ դարձած երեխաների պարագայում։ Եղել են ԶԼՄ–ներ, որոնք եթե անգամ երեխաների անուն–ազգանունը չեն հրապարակել, հրապարակել են այնպիսի անհատականացնող տվյալներ, որոնց հետևանքով համայնքում ակնհայտ է, թե որ երեխայի մասին է խոսքը։ Ավելին` եղել են դեպքեր, երբ սեռական բռնության զոհ դարձած երեխայի տեղեկատվությունը ներկայացվել է այն համատեքստում, որ երեխան չի փայլել իր վարքով, կարսես արդարացնում են բռնությունը»,–ասաց նա։
Մանասյանը նշեց, որ շատ լուրջ խնդիրներ կան նաև երեխայի կրթության իրավունքի իրացման ոլորտում, սկսած նախադպրոցական կրթությունից, քանի որ դեռ կան մի շարք համայնքներ, որոնք չունեն մանկապարտեզներ։ Խնդիրներ կան նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման տեսանկյունից։ Բազմաթիվ խնդիրներ կան նաև հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի հետ կապված։
ՄԻՊ–ի դիտարկմամբ` համակարգային խնդիրներից է նաև տնային կալանքի տակ գտնվող երեխաների կրթության ապահովումը։
Մանասյանը նշեց, որ լուրջ խնդիրներ են արձանագրել նաև արդարադատության ոլորտում։ Մշտադիտարկումները ցույց են տվել, որ քրեակատարողական հաստատություններում գտնվող, ազատությունից զրկված երեխաների համար չի ապահովվել բնակելի համապատասխան մակերեսը։
Անդրադառնալով հայտնաբերված խնդիրների լուծումներին` Մանասյանը շեշտեց, որ Հայաստանում ամբողջովին պետք է վերափոխվի, բարեփոխվի Խնամակալության և հոգաբարձության ինստիտուտը, քանի որ այդ մարմիններ չունեն պատճաշ հմտություններ երեխաների խնդիրներն արձանագրելու և դրանք հասցեագրելու ուղղությամբ։