ԲՏԱ նախարարն առաջարկել է պետական աջակցություն տրամադրել՝ աշխատանքային միգրանտներ ներգրավելու համար
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 11-ի արտահերթ նիստում հավանության են արժանացել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Օրինագիծը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով, որ նախագծերի փաթեթը ՀՀ կառավարության կողմից համարվել է անհետաձգելի:
Նախարարը նշել է, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սահմանել պետական աջակցության մի շարք ուղղություններ և հարկային որոշ արտոնություններ:
«Մասնավորապես «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընդգրկված կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին տրամադրել պետական աջակցություն հետևյալ ուղղություններով՝
1) աշխատանքային միգրանտների ներգրավման համար, որոնք իրականացնում են մասնագիտական աշխատանք և համարվում են տվյալ տնտեսավարող սուբյեկտի վարձու աշխատողները: Ընդ որում՝ պետական աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին կտրամադրվի աշխատանքային միգրանտի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով:
2) նոր աշխատողների ներգրավման համար,
նոր աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 100 տոկոսի չափով, եթե տնտեսավարող սուբյեկտի բոլոր վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը չի գերազանցում 30-ը, հիմնականում վերաբերում է ստարտափներին։