«Դալան» տեխնոպարկը կդառնա Հայաստանում LEED հավաստագիր ունեցող եզակի կառույցներից

«Դալան» տեխնոպարկը կդառնա Հայաստանում LEED հավաստագիր ունեցող եզակի կառույցներից

«Դալան» տեխնոպարկի շինարարական աշխատանքներին ծանոթանալու համար Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է շինհրապարակ, հայտնում են Քաղաքաշինության կոմիտեիից։

Շրջայցին մասնակցել են նաև կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը, կոմիտեի մասնագետները, ինչպես նաև Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը և ասոցիացիայի ներկայացուցիչները։

Նշվում է, որ կոմիտեի ղեկավարը տեղում դիտարկել է կանաչ շենքերի հավաստագրման LEED համակարգին համապատասխան իրականացվող շինարարությունը։ Նա կարևորել է միջազգային առաջադեմ չափանիշների ներմուծումը նախագծային և շինարարական աշխատանքներում, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների կիրառումը նման ծրագրերում։

Ծրագրի պատասխանատուները ներկայացրել են տեխնոպարկի առանձնահատկությունները, նշել, որ այն համախմբելու է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին՝ ապահովելով անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով և հարմարավետ աշխատանքային միջավայրով։ Ակնկալվում է, որ «Դալան» տեխնոպարկը կլինի Հայաստանում LEED հավաստագիր ունեցող եզակի կառույցներից։

LEED-ը (Leadership in Energy and Environmental Design, Առաջնորդություն էներգիայի և շրջակա միջավայրի դիզայնի ոլորտում) կանաչ շինությունների հավաստագրման համակարգ է, որի հիմնական նպատակն ու գործառույթն է` կապալառուներին, ճարտարապետներին, նախագծերի սեփականատերերին, կառուցապատողներին ու շինարարական ոլորտի այլ ներկայացուցիչներին տրամադրել «միջոցներ»` ճանաչելու էկոլոգիական շինարարության չափանիշները և իրագործելու իսկական «կանաչ» նախագծեր:

LEED հավաստագրումը տրվում է միայն ԱՄՆ-ի Կանաչ շենքերի հավաստագրման ինստիտուտի կողմից (Green Building Certification Institute — հիմնված է ԱՄՆ-ի Կանաչ շինությունների խորհրդի կողմից):