2027 թ․–ին Հրանտ Դինքի անվան անտառը հանձնվելու է Ֆիոլետովո համայնքին
1994 թ-ին՝ Արմենիա Թրի Փրոջեքթ (Էյ Թի Փի) բարեգործական հիմնադրամը Հայաստանում սկսել է իրականացնել կանաչապատում, անտառհիմնում, ինչպես նաև՝ սոցիալական նախագծեր։
Անտառապատման աշխատանքները հիմնադրամը իրականացնում է 2004 թ-ից։ 20 տարվա ընթացքում տնկվել է շուրջ 7,5 միլիոն ծառ և հիմնվել 1500 հեկտար անտառ՝ Լոռու, Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։
«Էյ Թի Փի»-ն ունի 4 տնկարան՝ ընդհանուր 18 հեկտար մակերեսով, որոնցում աճեցվում են շուրջ 100 տեսակ ծառ, թուփ և սենյակային բույս։ Տնկարանները տեղակայված են Արագածոտնի, Լոռու, Արարատի և Վայոց Ձորի մարզերում։ Տարբեր կլիմայական գոտիները հնարավորություն են ընձեռում աճեցնել կլիմայավարժեցում անցած, բարձր կպչողունակությամբ բույսեր և տնկիներ։
Համայնքային ծառատունկ ծրագրի շրջանակում «Էյ Թի Փի»-ն կանաչապատել է շուրջ 1700 համայնքապատկան տեղամաս՝ Հայաստանի բոլոր մարզերում, այդ թվում և Արցախում։ Միայն այս ծրագրով «Էյ Թի Փի»-ին տնկել է ավելի քան 1,5 միլիոն ծառ։
Հիմնադրամի ուղղություններից է նաև բնապահպանական կրթությունը, որն իրականացվում է դասընթացների, տուրերի ու ճամբարների միջոցով։
Հիմնադրամը Լոռու, Տավուշի և Շիրակի մարզի 12 համայնքում հիմնել է շուրջ 150 տնամերձ տնկարան մարզաբնակ ընտանիքների համար։ Ծրագրի շահառուներին «Էյ Թի Փի»-ն տրամադրում է անվճար սերմեր, կտրոններ և մասնագիտական աջակցություն՝ աճեցնելու ծառեր և թփեր։
2020 թ-ից սկսած «Էյ Թի Փի»-ն իրականացնում է տնամերձ ջերմոցների ծրագիրը արցախցիների համար։ Արցախցիների տեղահանումից հետո «Էյ Թի Փի»-ն մեկնարկեց «Դիմակայուն արմատներ» ծրագիրը, որի շահառուներն արցախցիներն են։
2020-2023 թ․թ․ «Էյ Թի Փի»-ն ղեկավարել է ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի «Կանաչ համայնք, դիմակայուն ապագա» ծրագիրը, որն իրականացվել է Լուռու, Շիրակի և Տավուշի մարզերում։ Ծրագրով այս մարզերի 15 համայնքներում կանաչապատել է 50 մարզային դպրոց, 10 պուրակ և զբոսայգի, ինչպես նաև հիմնել է 9 փոքր համայնքային անտառ և 100 հեկտար անտառ Լոռու մարզի Ուրասար և Շիրակի մարզի Մեծ Սարիար համայնքներում։
Օրերս Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրում տեղի ունեցավ հիմանդրամի 30 ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին և ելույթներով հանդես եկան Մարգահովիտ բնակավայրի երեխաները։
Ներկայացվեց նաև հիմնադրամի աշխատանքներն ամփոփող տեսանյութ, երեխաների կանաչ ապագայի տեսլականը ներկայացնող նկարչական աշխատանքներ։ Միջոցառմանը մասնակցում էր Էյ Թի Փի-ի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը։
Ջ․ Փափելյանը ներկայացրեց ընկերության գործունեությունը, նշելով, որ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում ևս ունեն աշխատանքային գրասենյակ, որի գործունեության նպատակը Հիմնադրամի աշխատանքներին աջակցելն է։
– ԱՄՆ գրասենյակը կենտրոնացած է ծրագրերի տարածման և դրամահավաքի վրա՝ Հայաստանում մեր գործունեությունն աջակցելու նպատակով։ 2006 թվականին հիմնել ենք Միրաք ընտանիքի անվան անտառվերականգնման տնկարանը Մարգահովիտում, որն արտադրում է տարեկան մոտ մեկ միլիոն տնկի անտառտնկման համար,– ասաց նա։
Նշեց, որ անտառտնկումից քսան տարի անց, հիմնված անտառը հանձնելու են համայնքների կառավարմանը։ Հայաստանի անտառածածկի վերաբերյալ նշեց, որ այս պահին Հայաստանում անտառածածկ տարածքը մոտ 10-11 % է կազմում և ըստ փորձագիտական գնահատականների՝ առնվազն 20 % անտառածածկ ունենալու պարագայում կարելի է արդեն լավ արդյունք համարել մեր երկրի համար։ Հայաստանի անտառներում կենսաբազմազանության պահպանման տեսնակյունից Փափելյանը կարևորեց անտառներում տարբեր ծառատեսակների առկայությունը, նշելով հենց բնիկ ծառատեսակների տնկումը։
- Այս տարիների ընթացքում ծառերի կպչողունակության բարձր ցուցանիշ ենք ապահովել , որին հնարավոր է եղել հասնել լավագույն փորձի կիրառման արդյունքում։ Մենք աճեցնում ենք բարձրորակ, առողջ տնկանյութ, և մշտադիտարկում ենք ապահովում մեր հիմնած անտառներում, որպեսզի համոզված լինենք, որ տնկիների գոյատևման մակարդակը բարձր է։ Ինչպես տեղյակ եք Հայաստանը Փարիզի համաձայնագրով պարտավորություն է ստանձնել կրկնապատկել իր անտառային ծածկույթը մինչև 2050 թվականը՝ հասցնելով 20.1%-ի, ինչը շատ հավակնոտ պարտավորություն է։ Համոզված եմ, որ այս նպատակին հասնելուն ծառայում են բոլորն, այդ թվում և Արմենիա Թրի Փրոջեքթը,-շեշտեց Ջինմարի Փեփելյանը։
Լոռու մարզի Մարգահովիտի տնկարանի ղեկավար Արամ Մովսիսյանը նշեց, որ տնկարանը հիմնվել է 2006թ–ին և կազմում է 10 հա, աճեցվում են բացառապես անտառտնկման բույսեր, իսկ տնկարանում աշխատում են միայն տեղացիներ։
Տնկարանում աճեցնում են կաղնի, սոճի, արոսնեի, վայրագ տանձ, խնձոր և կեչի։ Անտառները տնկվում են բացառապես համայնքի համաձայնությամբ և ընտրված տեղամասերում։ Արմենիա Թրի Փրոջեքթն աշխատում է այն հատվածներում, որտեղ անտառ չկա։
Հիմնադրամի անտառապատման ծրագրի պատասխանատու Վահե Մացակյանի խոսքով՝ համայնքի համաձայնությամբ վերցնում են դեգրադացված հողատարածքներ, անտառ հիմնում, որը քսան տարի հետո վերադարձվելու է համայնքին։ Առաջին անտառը պետք է հանձնվի Ֆիոլետովո համայնքին և երկու տարի անց համայնքն է կառավարելու այն։
Դիտարկմանը, թե մտահոգություն չկա, որ անտառը համայնքին հանձնելուց հետո համայնքը կառավարման, պահպանության դժվարություններ ունենա, պատասխանեց, որ իրենք ևս մտահոգություններ ունեն և այդ հարցը քննարկվում է։
–Եթե համայնքը որոշի, որ չունի ֆինանսական միջոցներ կառավարելու անտառը, մեր կազմակերպությունը պատրաստ է ևս քսան տարի անտառի պահպանություն և անտառվերականգնման աշխատանքներ իրականացնել,– նշեց Վահե Մացակյանը և հավելեց, որ Ֆիոլետովո համայնքում այժմ պահպանության ներքո է Հրանտ Դինք մեկ և Հրանտ Դինք երկու անտառային հատվածները, որն էլ հանձնվելու է համայնքին։
Նշենք նաև որ հիմնականում տնկվում է անտառային ծառատեսակներ՝ կաղնի, սոճի, արոսենի, վայրի տանձենի և խնձորենի, նաև ուղեկցող ծառատեսակներ՝ հացենի, արոսենի, կեչի և այլն։
Հավելենք նաև, որ պոլսահայ հայտնի լրագրող և խմբագիր Հրանտ Դինքի տիկինը հրավիրվել և ներկա է գտնվել Ֆիոլետովո համայնքում անտառի տնկմանը, որն էլ կրում է նրա ամուսնու՝ Հրանտ Դինքի անունը։ Տնկվել է 53 հազար ծառ, որը խորհրդանշում է Դինքի տարիքը․ այս կերպ խնկարկելով վաղամեռիկ, թուրքական մոլեռանդությանը զոհ գնացած հայազգի լրագրողի հիշատակը։