ԱՍՀ նախարարության և ԱՄՆ ՄԶԳ հանրային ֆինանսների կառավարման ծրագրի համագործակցությամբ տեղի է ունեցել խորհրդատվական հանդիպում

ԱՍՀ նախարարության և ԱՄՆ ՄԶԳ հանրային ֆինանսների կառավարման ծրագրի համագործակցությամբ տեղի է ունեցել խորհրդատվական հանդիպում

Կարևորելով քաղաքացիական հասարակության մասնակցության դերը բյուջետային գործընթացի իրականացման աշխատանքներում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ ՄԶԳ հանրային ֆինանսների կառավարման ծրագրի համագործակցությամբ տեղի է ունեցել տասներորդ խորհրդատվական հանդիպումը։

Քննարկման նպատակն էր շարունակել ընդլայնել սոցիալական պաշտպանության ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պատկերացումներն ու գիտելիքը բյուջետային գործընթացի տարբեր փուլերին մասնակցելու հնարավորությունների և գործիքների մասին՝ հետագայում համապատասխան բյուջետային ծրագրերն արդյունավետ վերլուծելու և առարկայական դիտարկումներ ներկայացնելու նպատակով, ինչպես նաև ապահովել քաղհասարակության և պետական մարմնի հետ թափանցիկ ու ներառական հաղորդակցման ուղիները։

Հանդիպմանը մասնակցել են ԱՍՀՆ գլխավոր քարտուղար Սամվել Մուրադյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Արթուր Դրամփյանը, ԱՄՆ ՄԶԳ Հանրային ֆինանսների կառավարման ծրագրի ղեկավար Ջորջ Ասաթիանին, նախարարության աշխատակիցներ, քաղհասարակության ներկայացուցիչներ։

Ընդգծելով նախարարության բյուջեի նախագծի մշակման աշխատանքներում հանրային հատվածի ներկայացուցիչների մասնակցության կարևորությունը՝ գլխավոր քարտուղար Սամվել Մուրադյանը նշել է, որ շարունակական բնույթ կրող քննարկումներն օգտակար են երկուստեք, առավել նշանակալի թիրախավորելու սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը, վերջնարդյունքում ունենալով անձին մատուցվող որակյալ ու հասցեական ծառայություններ։

Բանախոսներն անդրադարձել են նաև պետական բյուջեի առանձնահատկություններին, հանրային մասնակցության ձևերին, բյուջետային գործընթացի, ծախսերի և ծրագրերի վերլուծության գործիքներին, բյուջետային տեղեկատվության հիմնական աղբյուրներին ու փաստաթղթի կառուցվածքին, վերլուծության տեսակներին և ուղղություններին, բյուջետային ծրագրին հատկացվող ռեսուրսներին և այլ մանրամասներին։ Քննարկման ընթացքում մասնակիցներն իրականացրել են նաև գործնական աշխատանքներ՝ կիրառելով տեղում ստացված գիտելիքը։

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում ներկաները խոսել են ծրագրերի ֆինանսավորման ծավալների և միտումների, բյուջետային ծախսերի գործառական դասակարգումների, սոցիալական պաշտպանության բյուջեի դինամիկայի և այլ հարցերի շուրջ։