Քննարկվում են լավ տնտեսվարողին վարկային վատ պատմությունից հանելու ծրագրեր. Գալստյան

Բարեխիղճ այն տնտեսվարողների համար, ում վատ վարկային պատմությունը պայմանավորված է տարբեր ֆորս–մաժորային իրավիճակներով Կենտրոնական բանկը օգնության ծրագրեր է քննարկում։ Ի պատասխան ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, այսօր ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով, թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ քովիդից հետո, նաև բնական աղետների պատճառով առաջացած ֆորս–մաժորային իրավիճակում միշտ ԿԲ կողմից եղել է օգնության ձեռք` կա՛մ վարկն են ամբողջությամբ ներել, կա՛մ տոկոսներն են ներել։
«Ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք փորձելու են նոր վարկային պատմություններ ձևավորել ու վերցնել նոր վարկեր, ապա համակարգված աշխատանք պետք է անել, քանի որ միգուցե անհրաժեշտություն առաջանա պետական որևէ աջակցության ծրագիր ունենալ»,– նշեց ԿԲ նախագահը։
Նա դժվարացավ որևէ կոնկրետ բան ասել, սակայն նշեց, որ ՀՀ կառավարության հետ քննարկել են ու փորձել այնպես անել` եթե տնտեսվարողը բարեխիղճ է, ունի աշխատանք, սակայն ունի նաև որոշակի վարկային պարտավորություններ, որոնք դժվարանում է կատարել, հայտնվել է վարկային ռեգիստրի անբարենպաստ հատվածում, ապա ծրագիր մշակվի, որով հնարավոր կլինի տվյալ տնտեսվարողին իր օրինական աշխատավարձի շնորհիվ դուրս հանել այդ ծանր իրավիճակից։
Վերջում նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ այս պահին քննարկման փուլում նման ծրագրեր կան։