2025 թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ հարակից ելույթներ են ունեցել Ծովինար Վարդանյանն ու Բաբկեն Թունյանը

2025 թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ հարակից ելույթներ են ունեցել Ծովինար Վարդանյանն ու Բաբկեն Թունյանը

Գալիք տարվա բյուջեի նախագիծն առանձնանում է մի քանի առանձնահատկությամբ: Այն արտացոլում է առաջիկա ժամանակաշրջանի կանխատեսումները, ինչը հատուկ չի եղել մինչ այս ներկայացված բյուջեների նախագծերին: Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ասել է նոյեմբերի 12-ի ԱԺ հերթական նիստում: Հանձնաժողովի նախագահը հարակից ելույթ է ունեցել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Նրա տեղեկացմամբ հոկտեմբերի 28-ից ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերի  ընթացքում պետական բյուջեի նախագիծը քննարկվել է, եւ պատգամավորները, որոնց թվում՝ ընդդիմադիր, բարձրացրել են իրենց հուզող հարցերը, ներկայացրել դիտարկումներ:

«2025 թվականի համար կանխատեսվում է 5,6 տոկոս տնտեսական աճ, իսկ 2026-2027 թվականներին՝ միջինում 5,5 տոկոս: Նշեմ, որ կանխատեսված սցենարում 2021-2026 թվականներին միջինում տնտեսական աճը կազմում է 7,3 տոկոս, որը փոքր-ինչ բարձր է Կառավարության  նպատակադրած  7 տոկոս տնտեսական աճի թիրախից: Այսպիսով, ներկայացման նման տարբերակը թույլ է տալիս օրենսդիր մարմնին ավելի կանխատեսելի բյուջե ունենալ եւ մեծ պատկերում գնահատել իրավիճակը»,- մասնավորապես ասել է հանձնաժողովի նախագահը՝ հաջորդիվ անդրադառնալով նախագծի հոդվածներին:

Ծովինար Վարդանյանը հայտնել է, որ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին:

Հարցի վերաբերյալ հարակից ելույթ է ունեցել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Նրա խոսքով գալիք տարվա պետական բյուջեի նախագիծը բավականին հավասարակշռված, Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախանշված խնդիրները լուծելուն միտված նախագիծ է: «Ուզում եմ նշել, որ եկող տարվա ՀՀ պետական բյուջեն հարկաբյուջետային կանոնների հստակ պահպանմամբ է նախագծվել: Այսինքն՝ եկող տարի նախատեսվող կապիտալ ծախսերը գերազանցում են մեր բյուջեի պակասուրդին: Սա նշանակում է, որ մենք ավելի շատ միտված ենք  երկարաժամկետ կայուն աճի հիմքեր ստեղծելուն»,- ընդգծել է նա:

Հարցի քննարկումը կշարունակվի նոյեմբերի 13-ին: