Ծաղկաձորում անցկացվել է «Էներգիտակ համայնքներ» տարեկան հանդիպումը

Ծաղկաձորում անցկացվել  է «Էներգիտակ համայնքներ» տարեկան հանդիպումը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համատեղ իրականացվող Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի շրջանակում Ծաղկաձորում՝ մարզպետարանների և համայնքապետարանների աշխատակիցների մասնակցությամբ նոյեմբերի 12-14-ն անցկացվում է «Էներգիտակ համայնքներ» տարեկան հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրը համակարգող և իրականացնող կառույցների ներկայացուցիչներն իրենց ելույթներում արձանագրեցին՝ էներգաարդյունավետություն ապահովող և վերականգնվող ռեսուրսների կիրառմամբ նախագծերի իրականացման միջոցով համայնքները կարող են կենսական դերակատարում ունենալ երկրի տնտեսության զարգացման գործում՝ նպաստելով նաև էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը և ենթակառուցվածքների բարելավմանը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը նշեց, որ իրականացվող ծրագիրը մասշտաբային է: «Կարողությունների զարգացման խնդիր ունենք ու երբեք ամոթ չի դրանք զարգացնելը և նորարական մեթոդներին ծանոթանալը: Ծրագրի նախաձեռնողներին խնդրել ենք նաև հնարավորություն ստեղծել, որպեսզի համայնքային ծառայողները հնարավորություն ունենան առցանց եղանակով զարգացնել իրենց կարողությունները: Համայնքները պետք է մրցունակ լինեն նաև էներգետիկ ճիշտ լուծումների կիրառման միջոցով, իսկ դրանց շնորհիվ տնտեսված գումարներն ուղղել արդիական այլ խնդիրների լուծմանը»,- նշեց նա: 

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը հայտնեց, որ իրենց կառույցը՝ համապատասխան հմտություններ և կարողություններ ունեցող կազմակերպությունների և անհատների հետ բավականին խորը ուսումնասիրություններ է կատարում վերականգնվող էներգետիկայի ներդրման խնդիրների հետ կապված: «Նաև Ասիական զարգացման բանկի աջակցությամբ Կորեայի հանրապետությունը մեզ տրամադրեց բավականին խոշոր դրամաշնորհ և 2024-25 թվականների ընթացքում միջազգային փորձագետների հետ պետք է վեր հանենք հիմնական իրավական օրենսդրական բացերը և փորձենք «կանաչ» քաղաքաշինության վերաբերյալ որոշակի ռազմավարություն կամ առնվազն հայեցակարգ մշակենք, ինչը թույլ կտա ավելի համակարգային լուծումներ առաջարկել էներգիայի արդյունավետ օգտագործման, վերականգնվող էներգետիկայի հիմնախնդիրների վերաբերյալ»,- հայտնեց նա:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնտեսական զարգացման գրասենյակի ծրագրերի ղեկավարման մասնագետ Լիլիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ ՀՀ էներգետիկ անվտանգության բարձրացմանը միտված ազգային մակարդակով իրականացվող աշխատանքներն արդյունավետ չեն լինի, եթե չգտնվեն, չներդրվեն և չիրականացվեն տեղերում առկա խնդիրների լուծումներ:

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի ղեկավար Աբգար Բուդաղյանը համայնքների կայուն զարգացման գործում կարևորեց դրանց էներգետիկ արդյունավետ կառավարումը, ներկայացրեց կառավարության հետ համագործակցության ընթացքը:

Ամբողջությամբ՝ armenpress.am