Ֆիննախը պարզաբանում է տարածել 2025թ պետբյուջեով տնտեսական աճի ցուցանիշը

ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է տարածել ԱԺ-ում 2025թ բյուջռեի քննարկումների վերաբերյալ, որում, մասնավորապես, ասվում է.
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստի ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի քննարկման շրջանակներում, ԱԺ ամբիոնից հնչել են մի շարք դիտարկումներ, որոնց ցանկանում ենք անդրադառնալ ստորև, քանի որ հույժ կարևոր ենք համարում ճշգրիտ և թափանցիկ տեղեկատվության տրամադրումը:
Տնտեսական աճ
ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով թիրախավորվում է ՀՆԱ-ի 7% տարեկան միջին աճի նվազագույն մակարդակ: Միաժամանակ, ՀՀ կառավարության 2025 թվականի բյուջետային ուղերձ-բացատրագրում նշվում է, որ ՀՀ կառավարությունը նպատակադրել է 2026 թվականին հասնել միջինում առնվազն 7% տնտեսական աճի: Հատկանշական է, որ կանխատեսված սցենարի դեպքում 2021-2026թթ. տնտեսական աճը միջինում կկազմի 7.3%, ինչը փոքր-ինչ բարձր է կառավարության նպատակադրած 7% տնտեսական աճի թիրախից: Հետևաբար, 2025թ. համար կանխատեսված 5.6% տնտեսական աճի պայմաններում 7.0% միջին տնտեսական աճի ապահովումը ավելի քան երաշխավորվում է:
Տնտեսական աճի ներուժի բարձրացում
ՀՀ տնտեսական աճի ներուժի բարձրացման վրա, ի թիվս արտաքին գործոնների, իրենց ազդեցությունն են ունեցել ՀՀ կառավարության նպատակաուղղված այնպիսի քաղաքականությունները, ինչպիսիք են ենթակառուցվածքներում պետական ներդրումների շարունակական ավելացումը, տարբեր շուկաներում մրցակցության բարձրացումը, բիզնես միջավայրի բարելավումը, ՏՏ ընկերությունների համար մրցունակ էկոհամակարգի ձևավորումը և շարունակական զարգացումը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների՝ աշխատանքի շուկայում ինտեգրման մեծ ջանքերը։