Ֆիննախ-ը պարզաբանման մեջ անդրադառնում է 2025թ պակասուրդին, կառավարության պարտքին, հարկային եկամուտներին

ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է տաչածել հաջորդ տարվա պետբյուջեի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասվում է.
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստի ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի քննարկման շրջանակներում, ԱԺ ամբիոնից հնչել են մի շարք դիտարկումներ, որոնց ցանկանում ենք անդրադառնալ ստորև, քանի որ հույժ կարևոր ենք համարում ճշգրիտ և թափանցիկ տեղեկատվության տրամադրումը:
Բյուջեի պակասուրդ և կառավարության պարտք
2025 թվականին պետական բյուջեի պակասուրդն աճում է՝ հասնելով 5․5%-ի, քանի որ հարկաբյուջետային շրջանակը կառուցվել է պետական բյուջեի ծախսերի համար «առաջ բերված» հնարավորություններ ձևավորելու տրամաբանությամբ՝ 2027 թվականին, այնուհետև, նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 3.0% մակարդակը: Միջինաժամկետ հատվածում հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է տնտեսական, պաշտպանական ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալում ներդրումների մակարդակի էական բարձրացման միջոցով տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճի ներուժին, ինչպես նաև պետական համակարգի արդյունավետության ու հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։
Բացի այդ, ընդհանուր ծախսերում կապիտալ ծախսերի մասնաբաժնի մեծացման արդյունքում կապիտալ ծախսերի ծավալը միջնաժամկետ ժամանակահատվածում զգալիորեն կգերազանցի պետական բյուջեի պակասուրդի մեծությանը, իսկ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավման և ընթացիկ ծախսերի աճի պայմաններում կանխատեսվող հորիզոնի վերջում հարկային եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը կգերազանցի ընթացիկ ծախսերի մակարդակը:
Ինչ վերաբերում է պարտքի մակարդակի նախատեսվող բարձրացմանը, ապա հարկ է նշել, որ կառավարության պարտքը կշարունակի գտնվել 50%-ի շուրջ` 2025թ. որոշ չափով աճելով և հասնելով 53.5%-ի: Այսպիսի մակարդակում պարտքի պահպանումը հնարավորություն կընձեռի ստեղծելու լրացուցիչ «կայունության պաշար» ապագա հնարավոր ռիսկերին դիմակայելու համար, ինչպես նաև ունենալու բյուջեից պարտքի դիմաց վճարվող տոկոսավճարների կառավարելի մակարդակ։
Հարկային եկամուտներ
2024թ. ընթացքում հարկային եկամուտների աճի տեմպն ընդհանուր առմամբ համահունչ է եղել տնտեսական զարգացումներին, իսկ պլանավորվածի համեմատ ավելի ցածր հավաքագրումները հիմնականում պայմանավորված են եղել տնտեսական աճի՝ թիրախավորվածից ավելի ցածր մակարդակի ձևավորմամբ և ցածր գնաճով: Այս առումով պետք է նշել, որ 2024թ. բյուջեով մակրոտնտեսական ռիսկերը տեսանելի են եղել, և դրանք կառավարելու համար նախատեսվել են «անվտանգության բուֆերներ»՝ բյուջեի ծախսերում պահուստային ֆոնդի և կայունացման հաշվում միջոցների ապահովմամբ: Հետևաբար, հարկային եկամուտների՝ պլանավորվածից ցածր հավաքագրումը հարկաբյուջետային կայունության վրա ազդեցություն չի ունենա: