Բարձր տեխնոլոգիաների ռազմավարական ծրագրի մշակումը ՀՀ տնտեսության զարգացման կարևորագույն բաղադրիչ է․ Ռուբեն Սիմոնյան

Բարձր տեխնոլոգիաների ռազմավարական ծրագրի մշակումը ՀՀ տնտեսության զարգացման կարևորագույն բաղադրիչ է․ Ռուբեն Սիմոնյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել բարձր տեխնոլոգիաների ռազմավարական ծրագրի մշակման նպատակով հրավիրված խորհրդատուների հարթակի անդրանիկ նիստը՝ Հայաստանի Հանրապետության կայուն տնտեսական զարգացման ռազմավարական ծրագրի համատեքստում քննարկելու բարձր տեխնոլոգիաների ռազմավարական ծրագրի քաղաքականության մշակման առաջնահերթություններն ու ուղղությունները:

Բարձր տեխնոլոգիաների ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները նախաձեռնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական հիմքեր հանուն դիմակայուն Հայաստանի ծրագրի աջակցությամբ: Ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքներում ներգրաված են «Ամերիա» և «Մոդեքս» խորհրդատվական ընկերությունները, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Գերմանիայի Ֆրաունհոֆերի համակարգերի և նորարարության հետազոտությունների ինստիտուտը և միջազգային փորձագետ Անդրեաս Կլասենը։

Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն, անդրադառնալով ռազմավարական ծրագրի մշակման գործընթացում  մասնավոր հատվածի և էքսպերտների  հետ համագործակցային միջավայրի ստեղծման կարևորությանն ու նրանց ակտիվ ներգրավվածությանը, նշել է, որ ոլորտում առկա խնդիրների վերլուծման,  ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի գործողությունների պլանի և տեսլականի մշակման  հարցում ակնկալում է նրանց արդյունավետ և սրտացավ մասնակցությունը:

«Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանն, իր հերթին ներկայացնելով աշխարհի և Հայաստանի՝ բարձր տեխնոլոգիաների սահմանման և քաղաքականության մշակման տարբեր մոտեցումներ, նշել է, որ ձևավորվել է ռազմավարական պլանավորման, տնտեսագետների, հետազոտողների, համաշխարհային տեխնոլոգիաների խոշոր ռազմավարությունների մշակմամբ զբաղվող թիմ՝ ձգտելով տարաբնույթ եզրակացությունների և առաջարկների բախումների ենթատեքստում  «ապացույցների վրա հիմնված» սկզբունքով արդյունավետ և որակյալ որոշումներ կայացնելուն:

Նիստին ներկա են գտնվել ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Քննարկվել են մի շարք հարցեր ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքներն արդյունավետ դարձնելու նպատակով, ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա քայլերի և անելիքների վերաբերյալ: