Համաշխարհային բանկ. Ոսկու և թանկարժեք զարդերի վերաարտահանումը շարունակում է մնալ ՀՀ արտահանման աճը պայմանավորող հիմնական ոլորտը

Համաշխարհային բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հրապարակվել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը՝ 2024թ. սեպտեմբեր։
- Տնտեսական ակտիվության աճի տեմպը սեպտեմբերին ավելացավ` հասնելով 7 տոկոսի (տ/տ):
- Գործազրկության ծավալներն ավելացան` 2023 թ. 2-րդ եռամսյակի 11.7 տոկոսից 2024 թ. 2-րդ եռամսյակում հասնելով 13.8 տոկոսի:
- Գնաճը հոկտեմբերին մնաց կայուն` 0.6 տոկոս (տ/տ):
- Ոսկու և թանկարժեք զարդերի վերաարտահանումը շարունակեց մնալ արտահանման աճը պայմանավորող հիմնական ոլորտը։
- Արտահանման մյուս ոլորտներում սեպտեմբերին պատկերն անփոփոխ էր (տ/տ):
- Վարկերի աճի տեմպը շարունակեց գերազանցել ավանդների աճի տեմպը: Սեպտեմբերին գրանցվեց բյուջեի 11.6 միլիարդ ՀՀ դրամ հավելուրդ:
Սեպտեմբերին տնտեսական աճը հասավ 7 տոկոսի (տ/տ՝ տվյալ ժամանակահատվածը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ)` աճելով օգոստոսի 5.6 տոկոսից (տ/տ) (գծապատկեր 1): Երկնիշ աճը շարունակվեց շինարարության (14.7 տոկոս, տ/տ), առևտրի (13.4 տոկոս, տ/տ), և ծառայությունների` առանց առևտրի (11.6 տոկոս, տ/տ) ոլորտներում: Սեպտեմբերին արդյունաբերական աճի տեմպը կրկնապատկվեց` հասնելով 4.6 տոկոսի (տ/տ)` օգոստոսի 2.1 տոկոսի (տ/տ) համեմատ, ինչը հիմնականում պայմանավորված էր թեթև արդյունաբերության (6.5 տոկոս, տ/տ), էլեկտրականության և էներգիայի (9.4 տոկոս, տ/տ) և ջրամատակարարման ու ջրահեռացման (7.1 տոկոս, տ/տ) ոլորտներում գրանցված աճով: Հանքարդյունաբերությունը կրճատվեց 5.6 տոկոսով (տ/տ), ինչպես օգոստոսին էր: Հանրագումարում` հունվարից մինչև սեպտեմբեր տնտեսական ակտիվության ինդեքսն աճեց 8.7 տոկոոսով (տ/տ):
Գործազրկության մակարդակն աճեց` 2023 թ. 2-րդ եռամսյակի 11.7 տոկոսից հասնելով 13.8 տոկոսի` 2024 թ. 2-րդ եռամսյակում, ինչը հիմնականում պայմանավորված էր տղամարդկանց շրջանում գործազրկության աճով: Ընդհանուր գործազրկության աճը մեծապես վերագրվում է փախստականների ներհոսքին, որոնք դեռևս պետք է ինտեգրվեն աշխատաշուկայում: Քաղաքային գործազրկության մակարդակի աճը գերազանցեց գյուղական գործազրկության մակարդակի աճը: Բացի այդ, 2022-ից 2023 թվականների ընթացքում տնտեսապես ակտիվ բնակչությունն ավելացավ 2.3 տոկոս:
Ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումները սեպտեմբերին կրճատվեցին 1 տոկոսով (տ/տ) և 1.1 տոկոսով (ա/ա՝ տվյալ ամիսը՝ նախորդ ամսվա նկատմամբ): Սա տեղի է ունեցել օգոստոսի 18.6 տոկոս (տ/տ) կրճատումից և 10.7 տոկոս (ա/ա) ավելացումից հետո: Ռուսաստանից ներհոսքերը սեպտեմբերին կրճատվեցին 19 տոկոսով (տ/տ): Միացյալ Նահանգներից զուտ ներհոսքերն ավելացան 7.7 տոկոսով (տ/տ) (գծապատկեր 2):
Հոկտեմբերին գնաճը մնաց կայուն` 0.6 տոկոս մակարդակում (տ/տ) (գծապատկեր 3): Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները (0.5 տոկոս, տ/տ) և հագուստեղենի ու կոշկեղենի գներն ընկան (3.4 տոկոս, տ/տ), իսկ տրանսպորտի գները բարձրացան 6.8 տոկոսով (տ/տ): Բնակարանների վարձակալության գների համաթիվը սեպտեմբերին աճեց 2.7 տոկոսով (տ/տ), սակայն ազդեցություն չունեցավ ընդհանուր գնաճի վրա: Կադաստրային տվյալները վկայում են, որ Երևանի կենտրոնում բնակարանների գները սեպտեմբերին բարձրացան 5.6 տոկոսով (տ/տ), իսկ վարձակալվող բնակարանների թիվն ավելացավ 60.3 տոկոսով (տ/տ): Հնարավոր է, որ այս մեծ աճին նպաստել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքի վերադարձի մասով նոր սահմանափակումը, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարին: 2024 հունվարից հոկտեմբեր ամիսներին միջին գնաճը պահպանվել է հաստատուն` 0 տոկոս:
Սեպտեմբերին արտահանման ծավալներն ավելացան 39 տոկոսով (տ/տ)` պայմանավորված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանմամբ: Առանց դրա` արտահանումը գրեթե չէր ավելանա (գծապատկեր 4). արտահանման այս կատեգորիայում աճի տեմպը մայիսից նվազել է` հաջորդելով տարվա առաջին չորս ամիսներին գրանցված լուրջ աճին: Սեպտեմբերին ներմուծման ծավալներն ավելացան ընդամենը 12 տոկոսով, քանի որ վերաարտահանան տեմպը նվազեց: 2024 թվականի առաջին ինն ամիսների հանրագումարով` արտահանումը կրկնապատկվել է, իսկ ներմուծումն ավելացել է 54 տոկոսով, միաժամանակ առևտրի հաշվեկշռի պակասուրդը նվազել է 24 տոկոսով (տ/տ):
Հոկտեմբերին ՀՀ դրամն կայուն էր ԱՄՆ դոլարի նկատմամբ` միաժամանակ շարունակելով արժևորվել ռուբլու նկատմամբ (ա/ա): Մինչև հոկտեմբերի վերջ ՀՀ դրամը 3.8 տոկոսով ուժեղ է եղել ԱՄՆ դոլարի, և 8.9 տոկոսով` ռուբլու նկատմամբ (տ/տ): Միջազգային պահուստները համեստ աճ են գրանցել (24.8 միլիոն ԱՄՆ դոլար)` ներմուծման ծածկույթը հասցնելով 2.5 ամսվա: