Թալինի ԲԿ-ն նորոգվում է

Թալինի ԲԿ-ն նորոգվում է
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այցելել է Թալինի ԲԿ, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին և ակնաբուժական կենտրոնի գործունեությանը.  2025 թ․, բժշկական կենտրոնը բուժառուներին կմատուցի նոր որակի ծառայություններ։
 Ավարտին են մոտենում Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող վերակառուցման աշխատանքները, որոնք այս պահի դրությամբ կատարված են ավելի քան 85 %-ով։
Շինարարական աշխատանքներին տեղում հետևելու նպատակով այսօր աշխատանքային այցով ԲԿ-ում էր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի, ԲԿ տնօրեն Ազատ Ղուկասյանի հետ շրջայցի ընթացքում մարզպետը դիտարկեց կատարված աշխատանքները, հետաքրքրվեց խնդիրներով, տվեց հանձնարարականներ։
Մարզպետը եղավ նաև Թալինի ԲԿ-ի ակնաբուժական կենտրոնում, որտեղ արդեն մեկ ամիս է՝ կատարվում են աչքի վիրահատություններ, աշխատում է ակնաբուժական հմուտ թիմ։
Բուժանձնակազմի հետ զրույցում Սերգեյ Մովսիսյանն ընդգծեց, որ ողջ մարզում Թալինի բժշկական կենտրոնի ակնաբուժական կենտրոնը միակն է, որտեղ նոր սերնդի սարքավորումներով վիրահատություններ են իրականացվում և պետք է արվի ամեն ինչ, որ մեր քաղաքացիները ստանան բարձր որակի և վստահելի ծառայություն։
ԲԿ տնօրեն Ազատ Ղուկասյանի հաղորդմամբ՝ շուրջ երկու ամսում արդեն 40-ից ավելի աչքի վիրահատություններ են կատարվել, բոլորն էլ հաջող արդյունքներով։
Վիրահատությունները կատարվում են թե՛ պետպատվերի շրջանակում, թե՛ վճարովի հիմունքներով։
Հիշեցնենք, որ Թալինի ԲԿ-ում ակնաբուժական կենտրոնը հիմնվել է 2023 թ․ ապրիլին՝ Հայկական ակնաբուժական նախագծի միջնորդությամբ և ամերիկյան դոնոր կազմակերպության աջակցությամբ։