Պուտինը «Հյուսիս – հարավի» զարգացման գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ է նշանակել

ՌԴ նախագահը փոխվարչապետ Վիտալի Սավելևին նշանակել է «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման գծով նախագահի հատուկ ներկայացուցիչ։ Համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։
Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից՝ նոյեմբերի 25-ից։
Հիշեցնենք, որ «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի մասին միջազգային համաձայնագիրը ստորագրվել է 2000 թ-ի սեպտեմբերի 12-ին Սանկտ Պետերբուրգում: Նախագիծը 7,2 հազար կմ երկարությամբ տրանսպորտային միջանցք է, որը պետք է կապ ապահովի Բալթյան տարածաշրջանի և Հնդկաստանի միջև՝ Իրանի և Ռուսաստանի միջոցով:
Միջանցքի թողունակությունը տարեկան 20-30 մլն տոննա բեռ է։ Ընդ որում, Երևանը «Հյուսիս-հարավ» միջանցքի մասին համաձայնագրի լիիրավ մասնակից է դարձել դեռ հեռավոր 2004 թ-ին։