Պարզեցվում է պետական գույքի վարձակալության գործընթացը

«e-draft» իրավական ակտերի հրապարակման հարթակում նախագիծ է տեղադրվել. այն ներկայացրել է Պետական գույքի կառավարման կոմիտեն պետական գույքի վարձակալության գործընթացները կանոնակարգելու նպատակով:
Փոփոխություններ են նախատեսվում մի քանի օրենքում. նպատակն է պետական մարմինների և կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող գույքերի վարձակալության գործընթացների հստակեցումը և օգտագործման արդյունավետության բարձրացումը, օրենսդրական բացերի լրացումն ու ձևակերպումների հստակեցումը:
Նախագիծն առաջարկում է սահմանել վարձակալության տրամադրման պարզ ընթացակարգեր՝ առանց իրավական խոչընդոտների:
Պետական գույքի վարձակալությունը, բացառությամբ որոշ դեպքերի, իրականացվելու է Կառավարության հաստատած կարգով՝ կանխելով գույքի ոչ նպատակային օգտագործումը:
Հստակեցվում են պետական մասնակցությամբ կազմակերպությունների գույքի վարձակալության գործընթացները:
Պետական գույքի օգտագործման ընթացքում կատարված բարելավումները կհամարվեն հիմնադրի սեփականություն:
Օրենսդրական փոփոխությունների շնորհիվ կբարձրանա պետական գույքի օգտագործման արդյունավետությունը, կնվազեն չօգտագործվող տարածքները, վարձակալության գործընթացները կդառնան թափանցիկ և հասանելի բոլոր շահագրգիռ կողմերի համար, կպաշտպանվեն պետական գույքի շահագործման և բարելավման հետ կապված պետական շահերը: