Ավտոբուսի վարորդները գործադուլ են անում, պահանջում են աշխատավարձերի բարձրացում

Ավտոբուսի վարորդները գործադուլ են անում, պահանջում են աշխատավարձերի բարձրացում

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից գործադուլ էր սկսել՝ պահանջելով  աշխատանքային պայմանների բարելավում ու աշխատավարձերի բարձրացում։ Գործադուլի պատճառով շատ ավտոբուսներ այսօր դուրս չեն եկել երթուղիներ, վաղ առավոտից  կանգառները մարդաշատ են: Գործադուլ հայտարարած վարորդներն ավտուբուսների պարկում են՝ ակնկալելով տնօրինության հետ հանդիպում։

Վարորդների հետ տնօրինությունը դեռ չի հանդիպել, միայն առավոտյան հայտարարել են, որ բոլորը հեռացված են։ Պարկի փակ դռները, սակայն, ավելի ուշ բացվել են և մոտ 10 ավտոբուս վերադարձել է պարկ։ Վարորդներն նշել , որ առավոտյան նրանց ներս չեն թողել։

Քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտարարել է, որ վարորդները հրաժարվել են դուրս գալ երթուղիներ՝ առանց որևէ նախնական ծանուցման, ըստ էության, «փաստի առաջ կանգնեցնելով առավոտյան աշխատանքի և այլ վայրեր շտապող տասնյակ հազարավոր քաղաքացիների։ Նրանց կողմից հերթական անգամ առաջ են քաշվում անտրամաբանական պահանջներ, որոնք զուգորդվում են շանտաժի դրսևորումներով»։ 

«Ինչպես գիտեք, վերջին ամսվա ընթացքում հանրությանը պարբերաբար առիթ ենք ունեցել հայտնելու, որ միասնական տոմսային համակարգի ներդրմանը զուգահեռ էականորեն կրճատվել է ստվերային շրջանառությունը, և այս գործընթացը շարունակական է լինելու։ Չնայած վարորդների կողմից բարձրացված աշխատանքային բնույթի հարցերը պարբերաբար լուծում են ստացել, ինչպես նաև վարորդներին հայտնել են, որ ստվերային շրջանառության կրճատմանը զուգընթաց բարելավվելու են աշխատանքային պայմանները, այնուհանդերձ, ինչպես վերը նշվեց, մեծ թվով վարորդների կողմից հերթական անգամ առաջ են քաշվում անտրամաբանական պահանջներ, որոնք զուգորդվում են շանտաժի դրսևորումներով»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Կոստանյանը։

Նա հիշեցնում է, որ ամսվա ընթացքում 15 օրվա համար վարձատրությունն առանց հարկերի MAN ավտոբուսների վարորդների դեպքում կազմում է 401,500 դրամ, Zhong Tong-ի դեպքում՝ 309,500 դրամ, Gazel City-ի դեպքում՝ 219,500 դրամ:

«Վերոնշյալ գործողություններին տրվելու է գնահատական աշխատանքային օրենսդրության շրջանակներում, ինչպես նաև դիմելու ենք պատկան մարմիններին՝ վերոնշյալ արարքներին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով»,- նշել է Հայկ Կոստանյանը։