Փորձում են ճնշել մեզ․ Երևանի փոխքաղաքապետը՝ վարորդների դժգոհության մասին

Փորձում են ճնշել մեզ․ Երևանի փոխքաղաքապետը՝ վարորդների դժգոհության մասին
«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները ոչ թե գործադուլ են արել, այլ քաղաքային իշխանության դեմ շանտաժ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ ներկայացնելով հասարակական տրանսպորտի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Հանրային տրանսպորտի ոլորտում ստվերային շրջանառություն կար, որոշակի առումով հիմա էլ կա։ Դրա դեմ պայքարն անզիջում է լինելու։ Վարորդների բարձրացրած որոշ խնդիրներ օբյեկտիվ են, և դրանց լուծման ուղղությամբ մենք զբաղվում ենք։ Միևնույն ժամանակ նրանք ասում են նաև, որ մինչ այս չեն բարձրաձայնել նման խնդիրներ (աշխատավարձ, ավտոբուսներում մաքրություն, զուգարան. խմբ․), քանի որ կողքից եկամուտ են ունեցել»,- ասաց Գրիգորյանը։
Փոխքաղաքապետը հիշեցրեց՝ մինչ նոյեմբերի 1-ը, երբ ներդրվեց միասնական տոմսային համակարգը, աշխատանքային օրերին միջինում 30-31 մլն դրամ է հավաքագրվել։ Նոյեմբերի 1-ից, երբ քաղաքացիները կա՛մ 100 դրամանոցներ են գցում սարքի մեջ, կա՛մ QR կոդերով են տոմսերը վավերացնում, միջինում աշխատանքային օրերին 35 մլն դրամ է հավաքագրվում, իսկ շաբաթ–կիրակի` 23 մլն դրամ՝ նախկին18 մլն դրամի փոխարեն։
«Մենք չենք խոստացել, որ այս բարեփոխումները հեշտ են ընթանալու, բայց երբ խոսքը կորսված օրական 5 մլն դրամի մասին է, ապա պարզ է՝ մարդիկ չեն ցանկանում այդ գումարից կտրվել։ Սա գործադուլ չէ, սա շանտաժ է և մենք դրան չենք տրվելու։ Փորձում են քաղաքային իշխանության վրա ճնշում գործադրել, որ մենք էլ ասենք՝ դե լավ, էկեք կոմպրոմիսի գանք, դուք էլ մի քիչ քիչ գողացեք։ Նման խոսակցություններ չեն լինելու»,- ընդգծեց Գրիգորյանը։
Անդրադառնալով աշխատանքից վարորդների թեմային, նա նշել է, որ գործադուլ իրականացրած և աշխատանքից ազատված վարորդները կարող են բողոքարկել որոշումը։ Ավելին ըստ փոխքաղաքապետի, քաղաքային իշխանությունները գործադուլի հարցի քննման նպատակով դիմել են դատախազությանը։