COVID-ը չի ստեղծվել լաբորատորիայում․ Չինաստանը հերքում է ԱՄՆ-ի պնդումը վիրուսի արհեստածին լինելու մասին
Չինաստանի արտգործնախարարությունը հերքել է ԱՄՆ Կոնգրեսի զեկույցը չինական լաբորատորիայից կորոնավիրուսի արտահոսքի մասին։ Ըստ այդ զեկույցի՝ ԱՄՆ Կոնգրեսի ենթահանձնաժողովի հետաքննությունը պարզել է, որ COVID-19-ի հարուցիչը առաջացել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայում։ Չինաստանը բազմիցս հերքել է ԱՄՆ-ի հնչեցրած նմանատիպ մեղադրանքները։
Պեկինն այս ընթացքում ակտիվորեն համագործակցել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ, այդ թվում նաև՝ ԱՀԿ հետազոտական խմբերին հրավիրելով Չինաստան՝ վիրուսի ծագումը պարզելու նպատակով, պնդում է չինական կողմը։ Միացյալ Նահանգներն էլ հայտարարում է, որ գրեթե բոլոր գիտական չափանիշներով, եթե գոյություն ունենային բնական ծագման ապացույցներ, ապա դրանք արդեն հայտնված կլինեին։
Մինչ աշխարհը սկսում է մոռանալ Քովիդի համաճարակը, ԱՄՆ Կոնգրեսը հերթական բացահայտումն է անում։ Կոնգրեսի ենթահանձնաժողովի հետաքննությունը պարզել է, որ COVID-19-ի հարուցիչը, ի վերջո, առաջացել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայում։ 520-էջանոց զեկույցը կազմելու համար պահանջվել է 2 տարի։ Լաբորատոր ծագման տեսությունը հիմնավորելու համար զեկույցում նշվում է, որ վիրուսն ունի կենսաբանական բնութագրեր, որոնք բնության մեջ չեն լինում։ Առողջապահության մասնագետների համար տարբերություն չկա՝ տվյալ վարակը լաբորատոր պայմաններում է ստեղծվել, թե բնական մուտացիայի ճանապարհով, դրա դեմ պետք էր պայքարել, և աշխարհը պայքարեց՝ ասում է հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։ Բայց եթե ԱՄՆ Կոնգրեսի մեղադրանքը հաստատվի, դա ոչ միայն քաղաքական, այլև իրավական լուրջ հետևանքներ է ենթադրում, կարծում է «Ռադիոլուրի» զրուցակիցը։
«Եթե իրոք պարզվի, որ ինֆորմացիան ճիշտ է, դա էլ դեռևս հստակ չի կարող լինել, որովհետև համոզված եմ՝ Չինաստանի կառավարությունը դա մերժելու է, գուցե պահանջի ինչ-որ անկախ հետազոտություն և այլն։ Այսինքն՝ դա այդքան էլ հեշտ պրոցես չէ։ Սակայն, եթե ընդունենք՝ ինչ-որ մի փուլում (ինչը քիչ հավանական է), որ այո՛, աշխարհը որոշի, որ սա, իրոք, այնտեղ է ստեղծվել և ստեղծվել է ինչ-որ նպատակներից ելնելով, այն պետությունները, որոնք կրել են հսկայական կորուստներ, և ամենակարևորը մարդկային, ապա տնտեսական կորուստներ, կփորձեն ինչ-որ փոխհատուցումներ ստանալ։
Այստեղ ավելի շատ հարցը պետք է դիտարկել այդ կոմպենսացիան ստանալու, և դա էլ որպես լծակ ու գործիք օգտագործելու տեսանկյունից»։
Չինաստանի արձագանքը չուշացավ։ Երկրի արտգործնախարարությունը հերքել է ԱՄՆ Կոնգրեսի հայտարարությունը չինական լաբորատորիայից կորոնավիրուսի արտահոսքի մասին և հայտարարել, որ Վաշինգտոնը պետք է համաշխարհային հանրությանը պատմի ամբողջ աշխարհում գործող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մասին։ Չինաստանի ԱԳՆ-ը նաև կոչ է արել Միացյալ Նահանգներին չքաղաքականացնել կորոնավիրուսի ծագման հարցը և այլ երկրներին չարատավորել։ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը հիշեցրել է, որ Ուհան այցելելուց հետո ԱՀԿ-ի փորձագետները «չափազանց անհավանական» են որակել կորոնավիրուսի լաբորատոր ծագման տեսությունը: Դավիթ Մելիք-Նուբարյանը վստահ է՝ Քովիդի ծագման մասին քննարկումները, գոնե առաջիկա տասնամյակներում, չեն դադարելու։
«Խոսքը գնում է աշխարհի երկու գերտերությունների մասին: Բնական է, որ որևէ մեկը չի պատրաստվում զիջել, և դրա համար այս հարցը պետք է այդ տրամաբանության մեջ նայել, որ լինելու է շատ երկարատև գործընթաց, եթե, իհարկե, լինի»։
Քովիդի ծագման, ինչու չէ՝ նաև ստեղծման մասին վարկածների պակաս այսօր էլ չկա։ Իսկ ամենատարածված վարկածներից մեկն այն է, որ վիրուսը արտոնագրված պատվաստանյութով կենսաբանական զենք է, բնակչության թվաքանակի կարգավորման գործիք կամ լրտեսական գործողության արդյունք։ Քանի դեռ չկա վերջնական ապացույցը, Դավիթ Մելիք-Նուբարյանը չի կարող հստակ գնահատական տալ 21-րդ դարի համաճարակին, բայց նաև չի բացառում դրա արհեստածին լինելը։
«Այո, տեսականորեն, տեխնոլոգիապես որևէ խոչընդոտ այսօր չկա, որովհետև տեխնոլոգիաները այնքան են զարգացել, որ, այո, իհարկե, հնարավոր է: Եվ հենց այդ կենսաբանական զենքի արգելքը և համապատասխան միջազգային փաստաթղթերը, որոնք երկրները ստորագրել են, հենց դրա մասին են: Որովհետև տեխնոլոգիաները այդ հնարավորությունը տալիս են: Դրա համար շատ զգույշ է պետք լինել, և իհարկե, անպայման վերահսկողությունը և թափանցիկությունը պետք է միշտ լինի»։
Կորոնավիրուսի համավարակի բռնկման սկզբում վիրուսի ծագումը կապվում էր Չինաստանի շուկաների հետ, որտեղ միս, ձուկ և էկզոտիկ կենդանիներ են վաճառում, չպահպանելով սանիտարահիգիենիկ պայմանները։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Չինաստանի համատեղ զեկույցում, որը հրապարակվել է 2021 թվականի մարտին, Ուհան միջազգային առաքելությունից հետո, նշվում է, որ COVID-19-ի առաջացման ամենահավանական սցենարը հիվանդության փոխանցումն է չղջիկներից մեկ այլ կենդանու, որը հետագայում վարակել է մարդկանց։ Այնուամենայնիվ, փորձագետները վերջնական եզրակացության չեն եկել, թե ինչպես է վիրուսը հասել Ուհանի ծովամթերքի շուկա: Ըստ Worldometers կայքի տվյալների` հիվանդությունը մինչ օրս ավելի քան 7 միլիոն մարդու կյանք է խլել: Այսօր արդեն մասնագետները փաստում են՝ կորոնավիրուսը չի վերացել, պարզապես մարդիկ են սովորել ապրել դրա հետ՝ նաև շնորհիվ պատվաստումների։
Աղբյուրը՝ hy.armradio.am