ԵԱԶԲ. ՀՀ պետական պարտքի ներկայիս ծավալը վտանգ չի ներկայացնում տնտեսության համար

ԵԱԶԲ. ՀՀ պետական պարտքի ներկայիս ծավալը վտանգ չի ներկայացնում տնտեսության համար
Հայաստանի պետական պարտքի ընթացիկ ծավալը վտանգ չի ներկայացնում տնտեսության համար։ Այս հայտարարությունն արել է ԵԱԶԲ երկրների վերլուծության կենտրոնի ղեկավար Մարինա Սոբոլևսկայան` ներկայացնելով բանկի` 2025-2027 թվականների մակրոտնտեսական կանխատեսումները։
«Հայաստանի պետական պարտքի ծավալը զարգացող երկրների շրջանում միջինից ցածր մակարդակում է։ Կայուն տնտեսական աճը և ներքին պահանջարկի ավելացումը բյուջեի լրացուցիչ եկամուտներ են ձևավորում` թույլ տալով արդյունավետ կառավարել պարտքի բեռը»,- նշել է Սոբոլևսկայան։
Նա նաև ընդգծել է, որ բյուջետային ծախսերի ավելացումը, այդ թվում` փոխառվող միջոցների հաշվին, կփոխհատուցվի ներդրումային ներուժի աճով և տնտեսական բազայի ընդլայնմամբ:
«Հայաստանի համար պարտքի սպասարկման արժեքը շարունակում է ցածր մնալ։ Պարտքի մեծ մասը բաժին է ընկնում սուվերեն վարկերին, որոնք տրամադրվում են ցածր տոկոսադրույքներով: Բացի այդ, Հայաստանի կողմից առևտրային պայմաններով թողարկված եվրապարտատոմսերը խիստ շահավետ պայմաններով են ներգրավվել»,- իր հերթին նշել է ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ և գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովը:
ԵԱԶԲ-ի կանխատեսման համաձայն` Հայաստանի պետական պարտքի ծավալը 2024 թվականի վերջի 5,037 տրլն դրամից 2025 թվականի վերջին կհասնի 5,914 տրլն դրամի (մոտ 13,972 մլրդ դոլար՝ ֆինանսների նախարարության հաշվարկային փոխարժեքով)։ ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը 49,8%-ից կաճի մինչև 53,5%: Պարտքի սպասարկման ծախսերը, ներառյալ վարկերի և պարտատոմսերի վճարումները, կկազմեն 394,1 մլրդ դրամ (մոտ 1,015 մլրդ դոլար):