«Կայուն զարգացման զեկույցը ոչ միայն փաստաթուղթ է, այլև՝ միավորելու միջոց և ճանապարհային քարտեզ»․ հրապարակվել է ԶՊՄԿ հաշվետվությունը
Հնարավո՞ր է արդյոք զարգացնել հանքարդյունաբերությունը՝ միաժամանակ ունենալ մաքուր բնություն, զարգացած տնտեսություն։ Պարզվում է՝ հնարավոր է․ փաստում են «Breavis» ընկերության հարցումները։ Ընկերության հետազոտական բաժնի տնօրեն Հասմիկ Առաքելյանի խոսքով՝ «Հայաստանում անցկացված հարցումների 77 տոկոսը հնարավոր համարում է այս մոտեցումը։ Սա մի միտք է, որը բոլորը՝ անկախ տարիքից, սեռից, կրթությունից, հնարավոր համարում են։
Նույն պատկերն է նաև Սյունիքի մարզում, որտեղ բնակչության գրեթե 70 տոկոսը կիսում է այս կարծիքը»։ «Breavis» ընկերությունը առաջին բազմաբնույթ հետազոտությունն է կատարել։ ՀՀ տարածքում հարցումներն իրականացվել են հեռախոսի միջոցով, իսկ Սյունիքում՝ դեմ առ դեմ հարցման միջոցով։ Հարցման մասնակիցների 71․9 տոկոսը դրական է գնահատել հանքարդյունաբերության ազդեցությունը սոցիալ–տնտեսական կյանքի վրա։ Սյունիքի մարզում 78․15 տոկոսն է կիսում այդ կարծիքը։
Հայաստանի հարավային դարպասը՝ Սյունիքի մարզը, նաև մեր երկրի տնտեսական դարպասն է։ Այս մարզում գործող հանքարդյունաբերական ընկերությունները ոչ միայն առաջնային կամ ուղղակի, այլև երկրորդային կամ անուղղակի հազարավոր աշխատատեղեր են ստեղծում։ Սյունիքում նաև Հայաստանի թիվ մեկ խոշոր հարկատուն է աշխատում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։ Այս տարվա ինն ամիսներին ընկերությունը 83.6 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր է վճարել, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 31.3 մլրդ դրամով կամ մոտ 63%-ով։
Հայաստանի տնտեսության մեկ քառորդը հանքարդյունաբերության ոլորտն է ստեղծում։ Ոլորտի սոցիալ– տնտեսական ազդեցության վերաբերյալ փաստերի վերլուծություններ է արել «Մոդեքս» վերլուծական կենտրոնը։ «Հանքարդյունաբերության դերը Հայաստանի տնտեսությունում» հետազոտության մեջ նշվում է, որ Հայաստանում ՀՆԱ–ի 7 տոկոսը ստեղծվել է Սյունիքի մարզում։ Կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանի խոսքով՝ սա Երևանից հետո ամենամեծ արդյունքն է։ Սյունիքի մարզում ՀՆԱ–ի կառուցվածքում կեսից ավելին հանքագործական ոլորտն է ներգրավված։ Աղքատության միջին ցուցանիշը հանրապետության մասշտաբով կազմում է 23%․ Սյունիքի մարզում ցուցանիշն ամենացածրն է՝ 7%։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջինն է, որն արդեն երրորդ տարին ներկայացնում է Կայուն զարգացման զեկույցը։
Հաշվետվությունն ամփոփում է նախորդ մեկ տարվա ընթացքում բնապահպանական, սոցիալական ու կառավարման ոլորտների աշխատանքը։ Այստեղ ներկայացված է նաև առաջիկա տարիների թիրախներն ու անելիքները։ ԶՊՄԿ–ի կայուն զարգացման գծով տնօրեն Արթուր Ստեփանյանի տեղեկացմամբ, ամեն տարի նոր ստանդարտներ են ներդնում։
Այս տարին էլ բացառություն չէր։ «Այս տարին մեզ համար առանցքային է։ 2022 թվականին Հայաստանում անցկացված առաջին TCFD ուսումնասիրության շնորհիվ մենք հպարտ ենք փաստելու, որ ընկերության 2023 թվականի հաշվետվությունը լիովին համապատասխանում է GRI ստանդարտներին և SASB-ի պահանջներին»,– ընդգծում է ընկերության կայուն զարգացման տնօրենը։ Արմեն Ստեփանյանը նշում է, որ ընկերության հանձնառությունը հաշվետվողականությամբ չի սահմանափակվում: Նրա խոսքով՝ ձգտում են ընկերության գործունեության բոլոր ոլորտներում իրականացնել հիմնական կատարողական ցուցանիշներ՝ դրանով իսկ նպաստելով կազմակերպության ներսում կոլեկտիվ պատասխանատվության մշակույթի ձևավորմանը:
Կայուն զարգացման զեկույցի ներկայացումն ընդունված ձևաչափ է հանքարդյունաբերության ոլորտում։ Մեկ տարվա ընթացքում ԶՊՄԿ–ում առաջընթաց է գրանցվել աշխատավայրում անվտանգության բարձրացման ուղղությամբ։ Ներդրվել են նոր ընթացակարգեր։ «Ակնհայտորեն տեսնում ենք հաշվետվողականության բարձրացում, որով ավելի իրական ենք տեսնում, հասկանում, թե որտեղ են բացերը։ Փոշու որակի կառավարման ոլորտում անելիքներ կան, չնայած մոնիթորինգը ցույց է տալիս, որ քաղաքում օդը մաքուր է»,– արձանագրում է Արմեն Ստեփանյանը։ Նաև հիշեցնում է, որ 2023 թվականին նախաձեռնել են նաև մի քանի նախագծեր, որոնք ուղղված էին ESG-ի (բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարում) բարելավմանը:
«Մենք ավելի վճռական ենք լինելու մեր հաջորդ քայլերում՝ հույս դնելով բոլոր շահագրգիռ կողմերի շարունակական աջակցության վրա։ 2023 թվականի Կայուն զարգացման զեկույցը ոչ միայն փաստաթուղթ է, այլ մեզ միավորելու միջոց և ճանապարհային քարտեզ՝ հասնելու մեր ընդհանուր հավակնոտ կայուն զարգացման նպատակներին»,- ամփոփում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրենը։