Փաստինֆո. Մարզերում անշարժ գույքի գները առանձնապես ցածր չեն, որովհետև նույն ծախսերը այնտեղ են արվում. Գրիգորյան

Փաստինֆո. Մարզերում անշարժ գույքի գները առանձնապես ցածր չեն, որովհետև նույն ծախսերը այնտեղ են արվում. Գրիգորյան

Արաբկիր վարչական շրջանում մեկ 14-հարկանի շենքի համար կարող է լիներ 50-60 մլն դրամի տեղական տուրք, տեղական վճարը ևս մի այդքան է: Դրանց գումարվում են մատակարար կազմակերպություններից յուրաքանչյուրի գծով միացումների հետ կապված վճարումները, ստացվում է քաղաքաշինական ծրագրի ինքնարժեքի վրա էական ազդեցություն թողնող թվաբանական տեսք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը:

« Մեր կողմից կատարել ենք հաշվարկներ, դրանք ներկայացրել ենք նաև թե՛ կառավարության, թե՛ Ազգային Ժողովի և թե Երևան համայնքի գործընկերներին, և այդ հաշվարկների հիման վրա որոշակի մեղմացումներ տեղի ունեցան, ինչի համար շնորհակալ եմ»,-ասաց նա:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ հիփոթեքային վարկի դեպքում եկամտահարկի վերադարձի օրենքը աստիճանաբար դուրս է գալիս՝ Գուրգեն Գրիգորյանը նշեց, որ իրենք ժամանակին կառավարությանը ներկայացրել են իրենց կանխատեսումը, որ հեռավոր մարզերում կառուցապատողները կառուցապատման ծրագիր չեն իրականացնելու, և, ըստ էության, Երևանի փաստացի սահմաններն են ընդլայնվելու: Նրա խոսքով՝ կյանքը ցույց տվեց, որ իրենց կանխատեսումներն իրականություն դարձան, և մի քանի կուրորտային գոտիներից բացի, հիմնականում մերձերևանյան զոնաներում կառուցապատման ծրագրերը ունեցան ակտիվություն։

Ներկայումս, ըստ Գրիգորյանի, գտնվում են ակտիվ քննարկումների փուլում և լիահույս են, որ դրանց արդյունքում կկարողանանք համատեղ ուժերով գտնել նոր լուծումներ, որոնք կփոխարինեն եկամտային հարկի հետ վերադարձի ծրագրին։

Հարցին՝ մարզերում այս ոլորտում ներդրում անելը ձեռնտո՞ւ է՝ Գրիգորյանը պատասխանեց՝ նշելով, որ վաճառքի գները մարզերում այդքան էլ ցածր չեն, որովհետև հիմնական շինարարական հումքը կամ աշխատաշուկան կամ մնացած պրոդուկտները Երևանում են կենտրոնացած, նաև Երևանից տեղափոխման հետ կապված ծախսեր կան, ջրի խնդիրը կա, հոսանքի հետ կապված վճարները կան, որոնք բոլորն ինքնարժեքի վրա ազդեցություն են թողնում:
«Այսինքն ինքնարժեքը շատ չի տարբերվում Երևանի և մարզերի»:

Աղբյուր` Փաստինֆո