Գյումրու ավագանու լիազորությունները դադարեցվեցին․ արտահերթ ընտրություններ կլինեն
ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի փետրվարի 20-ից»,- ասված է որոշման մեջ։
Նույն որոշման համաձայն՝ Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները դադարեցվեցին։
«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման օրը նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` արտահերթ ընտրություններ նշանակելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում»:
Աղբյուրը՝ Սպուտնիկ