Հայաստանի ամերիկյան համալսարանը մեկնարկում է լրագրության մագիստրատուրայի ծրագիր

Հայաստանի ամերիկյան համալսարանը մեկնարկում է լրագրության մագիստրատուրայի ծրագիր

Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարում է նոր կրթական ​​ծրագրի մեկնարկի մասին։ 

Ինչպես  տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունից, «Լրագրության մագիստրոս» կրթական ծրագիրը պաշտոնապես հավատարմագրվել է Դպրոցների և քոլեջների արևմտյան ասոցիացիայի (WASC) կողմից և լիցենզավորվել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Ծրագիրն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ և Վաշինգտոնի պետական ​​համալսարանի Էդվարդ Ռ. Մերոուի հաղորդակցության ֆակուլտետի հետ համագործակցությամբ։

ՀԱՀ-ի «Լրագրության մագիստրոս» կրթական ծրագիրը նախատեսված է մեդիա մասնագետների նոր սերունդ կրթելու համար: Համակցելով տպագիր, աուդիո, վիդեո և առցանց հարթակներում լրագրության գործնական ուսուցումը՝ ծրագիրը ուսանողներին կտրամադրի անհրաժեշտ հմտություններ՝ հաջողությամբ գործելու մերօրյա դինամիկ մեդիա միջավայրերում։

Ի լրումն գործնական դասընթացների և սեմինարների՝ ծրագիրն ուսանողներին կտրամադրի հայեցակարգային գիտելիքներ տարածաշրջանային և գլոբալ կարևորագույն խնդիրների վերաբերյալ։ Ծրագրի ավարտին ուսանողները կներկայացնեն ավարտական աշխատանք և կանցնեն պրակտիկա Հայաստանում կամ Միացյալ Նահանգներում՝ ձեռք բերելով կիրառելի փորձ և մասնագիտական հմտություններ։ Ծրագիրը տարեկան ամբողջությամբ կֆինանսավորի 10 ուսանողի պրակտիկան ամերիկյան ԶԼՄ-ներում։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ ՀԱՀ-ը կտրամադրի 90% կրթաթոշակ Հայաստանի Հանրապետության 20 քաղաքացու՝ հնարավորություն տալով ավելի շատ ուսանողների օգտվել այս հնարավորությունից:

«Մեր մագիստրոսական ծրագիրը մշակվել է՝ հիմնվելով ԱՄՆ-ի առաջատար լրագրողական դպրոցների լավագույն փորձի վրա, ինչը մեր շրջանավարտներին կդարձնի մեծ պահանջարկ վայելող մասնագետներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում գործող լրատվամիջոցների շրջանում»,- նշել է ծրագրի ղեկավար, դոկտոր Շոն Մքինթոշը:

Ծրագիրը մեկնարկում է 2025 թվականի հունիսին: Դիմումների ընդունումը սկսված է application.aua.am կայքում: Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել  ծրագրի պաշտոնական էջում։ Դիմումի պահանջների, վերջնաժամկետների և ուսման վարձի մասին տեղեկատվությունը հասանելի է համալսարանի ընդունելության էջում: Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել այս էլ․ հասցեով։