Sputnik Արմենիա. Թրամփը դիտարկում է Իրանին կանխարգելիչ ավիահարվածներ հասցնելու հնարավորությունը
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի ուղղությամբ կանխարգելիչ ավիահարվածներ հասցնելու հնարավորությունը՝ Իսլամական Հանրապետությունում միջուկային զենքի ստեղծմանը խոչընդոտելու նպատակով: Տեղեկությունը, ըստ Sputnik Արմենիայի, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Wall Street Journal»-ին։
Թերթի աղբյուրների խոսքով՝ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ վերջին հեռախոսազրույցների ընթացքում հայտնել է, որ իրեն մտահոգում է իրանական միջուկային առաջընթացի հնարավորությունը իր նախագահական ժամկետի ընթացքում, և որ ինքն այդպիսի ելքը կանխելու տարբերակներ է փնտրում:
Այլ աղբյուրների պնդմամբ՝ իրանական հարցի քննարկման ընթացքում երկու հնարավոր սցենար է ներկայացվել: Առաջին տարբերակը ենթադրում է Իրանի վրա ռազմական ճնշման ուժեղացում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում զորախմբի, ինքնաթիռների և նավերի ավելացում։
Բացի այդ, ԱՄՆ-ն կարող է Իսրայելին փոխանցել նորարարական զինատեսակներ, ինչպիսիք են բունկերների ոչնչացման համար նախատեսված ռումբերը, որոնք կարող են շարքից հանել իրանական միջուկային օբյեկտները:
Այլընտրանքային սցենարը հիմնված է ռազմական ուժի կիրառման սպառնալիքների և ԱՄՆ պատժամիջոցների խստացման համադրության վրա։ Դա պետք է Թեհրանին ստիպի համաձայնել դիվանագիտական կարգավորմանը։ Վերլուծաբանների կարծիքով՝ այս ռազմավարությունը հիշեցնում է այն մոտեցումը, որը Թրամփը կիրառում էր ԿԺԴՀ-ի նկատմամբ իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում, թեև Հյուսիսային Կորեայի դեպքում դիվանագիտությունը ակնկալվող արդյունքներ չտվեց: