ServiceTitan-ը դարձել է հրապարակային ընկերություն

Հայ հիմնադիրներ ունեցող ServiceTitan-ը հայտարարել է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) մասին։ Դրա բաժնետոմսերը ցուցակվել են Nasdaq բորսայում՝ «TTAN» սիմվոլով մեկ բաժնետոմսի դիմաց նախնական 71 դոլար արժեքով: ServiceTitan-ը տեղաբաշխում է 8,8 մլն բաժնետոմս, ինչը թույլ է տալու ներգրավել շուրջ 625 մլն դոլար։
ServiceTitan-ը 2012 թվականին հիմնադրել են Արա Մահդեսյանը եւ Վահե Կուզոյանը, այն մասնագիտացած է առեւտրային բիզնեսների, հատկապես ջեռուցման, օդափոխության, ջրամատակարարման եւ էլեկտրական ծառայությունների ոլորտում գործող կապալառուների համար ծրագրային լուծումներ տրամադրելու մեջ։
Ընկերության հիմնադիրներին Nasdaq-ում թողարկման միջոցառման ընթացքում ուղեկցել են իրենց ծնողները, որոնց աշխատանքային խնդիրները լուծելու համար էլ ժամանակին առաջացել է ստարտափի գաղափարը։