Հայաստան-Հնդկաստան-Իրան տրանսպորտային համագործակցության հեռանկարները․ Նյու Դելիի խորհրդակցություններից մինչև եռակողմ ձեռնարկներ

Հայաստան-Հնդկաստան-Իրան տրանսպորտային համագործակցության հեռանկարները․ Նյու Դելիի խորհրդակցություններից մինչև եռակողմ ձեռնարկներ

Դեկտեմբերի 15-20-ը ԱԺ նախագահի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում է։ Այցի ընթացքում նախատեսվում են հայ-հնդկական հարաբերությունների խորացմանն ուղղված հանդիպումներ, ինչպես նաև անդրադարձ «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի կարևորությանը՝ եռակողմ համագործակցության շրջանակներում։

Մինչ այս՝ դեկտեմբերի 12-ին Նյու Դելիում տեղի են ունեցել Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ ձևաչափով 2-րդ խորհրդակցությունները, որոնց առանցքում «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) հեռանկարներն են եղել։ Փորձագետների գնահատմամբ՝ այս ձևաչափով համագործակցությունը կարևոր է, քանի որ լինելով տնտեսական ու առևտրային, իր մեջ նաև անվտանգային բաղադրիչ ունի։

Դեկտեմբերի 12-ին Նյու Դելիում տեղի ունեցած Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ ձևաչափով 2-րդ խորհրդակցություններում «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին վերաբերող հարցեր են քննարկել կողմերը։ Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի միջև այս խորհրդակցություններն արդեն տևական բնույթ են կրում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց Հնդկական «Յուսանաս հիմնադրամ» ուղեղային կենտրոնի գիտաշխատող Արարատ Կոստանյանը։ Նրա խոսքով՝ Հնդկաստանը բազմիցս հայտարարել է, որ «Հյուսիս-հարավ»-ը Չինաստանի ներկայացրած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգանախագծի, այսինքն՝ «Նոր մետաքսի ճանապարհին» այլընտրանք կարող է լինել, բայց չհակադրվելով վերջինին։ Հնդկաստանը կարծում է, որ Չինաստանը ևս մաս կարող է կազմել նախագծին։ Կոստանյանը համոզված է, որ նախագծին Հայաստանի մասնակցությունը շահավետ է տարբեր տեսանկյուններից.

«Հնդկաստանի առաջարկած Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք մեգանախագիծն, իրապես, մեծ հնարավորություն է տալիս Հայաստանին՝ նախևառաջ զարգացնելու իր հարաբերությունները Ասիայի և, առհասարակ, գլոբալ Հարավ հասկացության հետ, որտեղ ընդգրկված են արագ զարգացող երկրները, որոնք այսօր հիմնական դերակատարություն ունեն բազմաբևեռ աշխարհի առաջացման հետ, և նրանց դերը մեծանալու է առաջիկա տասնամյակներում։ Բնականաբար, այստեղ կա նաև Հայաստանի դիրքի կարևորումը կամ ուժեղացումը՝ որպես տարածաշրջանային գործոնի»։

Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ ձևաչափով 2-րդ խորհրդակցություններում հնդկական պատվիրակությունը գլխավորել է Հնդկաստանի ԱԳՆ Պակիստանի, Աֆղանստանի և Իրանի գլխավոր վարչության պետ Սինգհը, իսկ հայկական ու իրանական կողմերը՝ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Անահիտ Կարապետյանը և Հարավային Ասիայի գլխավոր վարչության պետ Հաշեմ Աշջազադեն։

Կողմերը կարևորել են «Չաբահար» նավահանգստի դերը միջանցքի արդյունավետության ապահովման գործում։ Հայկական պատվիրակությունն առանձնակի ուշադրություն է հրավիրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վրա, որը ներկայացնում է ՀՀ-ի տեսլականը՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ակտիվացման ուղղությամբ՝ հաղորդել են Հայաստանի ԱԳՆ-ից։ Նշվել է, որ չնայած դեռ սեպտեմբերին Իրանում նախատեսված եռակողմ հանդիպումը չէր կայացել՝ Իրան-Իսրայել սրված հակամարտության պատճառով, այդուհանդերձ, կողմերը շարունակում են նախնական քննարկումները։

Այս համագործակցության առանցքը Չաբահար նավահանգիստն է։ Իրանի հարավ-արևելքում գտնվող այս նավահանգիստն ունի կարևոր նշանակություն։   

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի գլխավորությամբ վերջերս Իրան կատարած այցի ժամանակ հայկական և իրանական տրանսպորտային ընկերությունները փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։ Ակնկալվում է, որ հաջորդ փուլում կկնքվի համաձայնագիր, որը թույլ կտա հայկական ընկերություններին օպերացիոն գործունեություն սկսել նավահանգստում։

Եռակողմ երթուղին՝ Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան ուղղությամբ, հնարավորություն կընձեռի դիվերսիֆիկացնել բեռների փոխադրումները դեպի Եվրոպա և ԵԱՏՄ։ Հնդկական Մումբայից Չաբահարի նավահանգստով բեռները կարող են ցամաքային ճանապարհով անցնել Հայաստան, այնուհետև Վրաստան և Վրաստանի նավահանգիստներից ուղարկվել Բուլղարիա, Հունաստան կամ Ռուսաստան։

Արագընթաց այս երթուղու ստեղծման շուրջ նախնական քննարկումները շարունակվում են, սակայն դրա գործարկման վերջնական ժամկետները դեռևս անորոշ են:

Նյու Դելիի հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ եռակողմ խորհրդակցությունների հաջորդ փուլը կկայանա Իրանում։ Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ամրապնդելու համագործակցությունը, ընդգրկելով առևտրի, զբոսաշրջության և մշակութային փոխանակումների խթանման հարցերը,-հայտնել են Հայաստանի արտգործնախարարությունից։

Երթուղու գործարկումը կօգնի Հայաստանին ամրապնդել դիրքերը, որպես տարածաշրջանային տարանցիկ երկիր, մեծացնելով առևտրային, տնտեսական և ռազմավարական հնարավորությունները։

Փորձագետները կարծում են, որ Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի միջև եռակողմ խորհրդակցությունները կարող են վերածվել մշտական քաղաքական համագործակցության, ինչը զգալի ազդեցություն կունենա տարածաշրջանում ուժային հավասարակշռության վրա։ Հնդկական «Յուսանաս հիմնադրամ» ուղեղային կենտրոնի գիտաշխատող Արարատ Կոստանյանի կարծիքով, այստեղ կա նաև անվտանգության բաղադրիչ՝ ի շահ Հայաստանի։

«Դա հուզում է նաև Հնդկաստանին, որովհետև կա ահաբեկչության խնդիրը, մեծացող վտանգ՝ Պակիստանի սատարումը բացահայտորեն Թուրքիային և Ադրբեջանին։ Սա Հնդկաստանի համար արտաքին քաղաքականության, այս տարածաշրջանում ունեցած ազդեցության կարևոր բաղադրիչներից է»։

Կոստանյանի համոզմամբ՝ Արևմուտքին հասնելու Հնդկաստանի տնտեսական ու քաղաքական ծրագրերում Հայաստանին կարևորագույն դեր է վերապահված։

«Մանավանդ, որ Հնդկաստանն իր ծրագիրն առաջարկեց՝ տնտեսական տարածաշրջան մտնելու։ Այնպես որ՝ Հնդկաստանն այս տարածաշրջանում Հայաստանը համարում է իր վստահելի բարեկամ-գործընկերը»։

Կոստանյանը նկատում է, որ հայ-հնդկական հարաբերությունների խորացումը կարևոր է այլ տեսանկյունից ևս․ ձևավորվող «նոր աշխարհակարգում» Հնդկաստանը կարևոր դերակատարության է հավակնում։ Այս առումով, ըստ փորձագետի, ուշագրավ է նաև հայ-հնդկական ռազմական համագործակցության հեռանկարը, ինչը կարևոր ազդակ է Թուրքիայի հավանական էքսպանսիայի դեմ, և խոսքն այստեղ ոչ թե ռազմական գործողությունների մասին է, այլ ազդեցության առաջխաղացման։ Հնդկաստան-Հայաստան-Իրան եռակողմ ծրագիրը թեև տնտեսական և առևտրային է, բայց Թուրքիայի նկրտումներն այս հատվածում զսպելու միտում ունի նաև՝ եզրափակեց փորձագետը։

Աղբյուրը՝  hy.armradio.am