Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը

Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը

ԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Անցյալ շաբաթ մենք ընդունեցինք պատժամիջոցների մեր 15-րդ փաթեթը: Այն ներառում է միջոցներ Ռուսաստանի «ստվերային նավատորմի» և պատժամիջոցներից խուսափելու ուղիների դեմ: Պատրաստվում է 16-րդ փաթեթը», - ասել է նա։

Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև նշել է, որ Ռուսաստանի բյուջեի մոտ մեկ երրորդը կազմում են ռազմական ծախսերը, հետևաբար, ըստ նրա, կարևոր է խաթարել Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի հնարավոր եկամուտները։ 

Ըստ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ պատժամիջոցները վատ ազդեցություն են թողնում Ռուսաստանի տնտեսության վրա, տեղի է ունեցել ռուբլու արժեզրկում։ 

Եվրամիության երկրների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը հաստատել են դեկտեմբերի 16-ին։ Նոր սահմանափակումները տարածվում են 54 ֆիզիկական և 30 իրավաբանական անձանց, երրորդ երկրների 52 նավի վրա։