Ռուսաստանից դրամական փոխանցումների «օճառի պղպջակը»

Ռուսաստանից դրամական փոխանցումների «օճառի պղպջակը»

Ինչպես հայտնի է, Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո հազարավոր միգրանտների հոսք եղավ դեպի Հայաստան՝ հիմնականում հենց նույն Ռուսաստանից։ Պատերազմի դժվարություննեից բացի, պատճառը նաև արևմտյան երկրների կողմից մեր հյուսիսային հարևանի դեմ նոր` ավելի կոշտ պատժամիջոցներն էին:

Հայաստան ժամանածներին կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայացուցիչների (ովքեր մեծամասամբ առանձնապես երկար չմնացին մեր երկրում ու տեղափոխվեցին այլ պետություններ) և գործարարների, ովքեր այստեղ արտահանման և ներմուծման խոշոր գործողություններ ծավալեցին։ Այս բիզնեսը, բնականաբար, պահանջում էր զգալի միջոցներ, որոնց լայնածավալ հոսքն օպերատիվորեն կարգավորվեց (և հաջողությամբ շարունակվում է մինչ օրս)։ Այդ գործողությունների արդյունքում Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների (այսուհետ՝ «փոխանցումներ») ծավալը բազմապատիկ աճել է։

Հիշեցնենք, որ մինչև հատուկ ռազմական գործողության մեկնարկը փոխանցումների ներհոսքի տարեկան փոփոխություններն այնքան էլ էական չէին։ Սակայն, հետո Ռուսաստանից փոխանցումների ծավալը «համեստ» 0,87 միլիարդ դոլարից հասավ ռեկորդային 3,95 միլիարդ դոլարի (տե´ս Գծապատկեր 1):

Գծապատկեր 1График 1 АРМ - Денежные переводы в Армению.jpg (166 KB)

Մեծամասամբ շնորհիվ Ռուսաստանի «ներդրման», Հայաստան դրամական փոխանցումների ընդհանուր ցուցանիշը 1,84 միլիարդ դոլարից հասել է 5,70 միլիարդ դոլարի (կամ ավելացել է 3,1 անգամ): Ռուսաստանից փողի ներհոսքի աճի առաջանցիկ տեմպերը հանգեցրին համապատասխան կառուցվածքային փոփոխությունների։ 2021 թվականին Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստան դրամական փոխանցումների հոսքում կազմել է 41 տոկոս։ Հաջորդ երկու տարում այս ցուցանիշը մոտեցել է 70%-ի նշագծին։ Թեև ընթացիկ տարվա տասն ամիսների արդյունքներով Ռուսաստանի մասնաբաժինը փոքր-ինչ նվազել է, այնուամենայնիվ, այն պահպանել է իր առաջատար դիրքն այս ոլորտում (տե՛ս Գծապատկեր 2):

Գծապատկեր 2График 2 АРМ - Структура денежных переводов по странам.jpg (144 KB)

Էական փոփոխություններ են տեղի ունեցել նաև փոխանցումների կառուցվածքում՝ ըստ արժույթի տեսակների։ Այսպես, 2021 թվականին Հայաստանի դրամական ներհոսքում գերակշռողն ԱՄՆ դոլարն էր, որից հետո միայն հաջորդում էր ռուսական ռուբլին (տե՛ս Գծապատկեր 3):

Գծապատկեր 3График 3 АРМ - Структура переводов по видам валют 2021 год.jpg (152 KB)

ԱՄՆ դոլարը, որպես համաշխարհային արժույթ, լայնորեն կիրառվում է բազմաթիվ երկրներում` միջազգային դրամական փոխանցումների ժամանակ։ Հետևաբար, «դոլարային» փոխանցումների մի զգալի մասը Հայաստան է գալիս ոչ թե հենց ԱՄՆ-ից, այլև ուրիշ երկրներից։ Օրինակ՝ նախորդ տարի ԱՄՆ-ին բաժին է ընկել դոլարով փոխանցումների ընդհանուր գումարի միայն 38%-ը։ Այլ է իրավիճակը ռուսական ռուբլու դեպքում։ Ինչպես կարելի է ենթադրել, ռուբլով փոխանցումները Հայաստան ամբողջությամբ (կամ ճնշող մեծամասնությամբ) կատարվում են հենց Ռուսաստանի կողմից։

Արտարժույթների հետ կապված պատկերը կտրուկ փոխվել է Ռուսաստանից միգրանտների հոսքից հետո. ռուսական ռուբլու մասնաբաժինը փոխանցումների հոսքում հասել է 57%-ի, իսկ ԱՄՆ դոլարինը` նվազել մինչև 27% (տե՛ս Գծապատկեր 4):

Գծապատկեր 4График 4 АРМ - Структура переводов по видам валют 2023 год.jpg (155 KB)

2023 թվականին փոխանցվել է գրեթե 3,3 միլիարդ դոլարին համարժեք ռուսական ռուբլի։ Ընդհանուր առմամբ, ինչպես նշված է վերը, դրամական ընդհանուր ներհոսքը (այսինքն՝ ռուսական ռուբլի, ԱՄՆ դոլար և եվրո) նույն տարում հասել է ռեկորդային չափի՝ 5,70 մլրդ դոլարի։

Նշենք, որ Հայաստանի ամբողջ արտաքին առևտրաշրջանառությունը 2021 թվականին, այսինքն՝ մինչ հայտնի իրադարձությունները, կազմում էր մոտ 8,4 միլիարդ դոլար։ Դե, իսկ Ռուսաստանից նշված միգրանտների ժամանելուց հետո այս ցուցանիշը ձնագնդի պես մեծացավ (տե՛ս Գծապատկեր 5)։

 Գծապատկեր 5График 5 АРМ - Внешнеторговый оборот 2015-2023 годы.jpg (160 KB)

Վերջին տարիներին որոշակիորեն բարելավվել է արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքը։ Մասնավորապես, 2021-2023 թվականներին աճել է արտահանման տեսակարար կշիռը` 36.0%-ից հասնելով 40.1%-ի։ Հասկանալի է, որ այս փաստը նույնպես հիմնականում պայմանավորված է ռուս գործարարների գործունեությամբ, որոնք, Հայաստանից ապրանքների արտահանման միջոցով, ապահովում են զուգահեռ ներմուծումը Ռուսաստան։ Անգամ առանց հաշվարկների, զուտ վիզուալ, կարելի է հետևյալ գծապատկերում որոշել Հայաստանի «ֆիկտիվ» արտահանման մի մասը։ Բավական է համեմատել ցուցանիշները 2022 թվականից առաջ և դրանից հետո (տե՛ս Գծապատկեր 6)։

 Գծապատկեր 6График 6 АРМ - Экспорт 2015-2023 годы.jpg (145 KB)

Որոշ չափով այս արտաքին առևտրային գործողությունները շահավետ են։ Օրինակ՝ արտահանող-ներմուծողները մեր պետբյուջե են վճարում համապատասխան հարկեր, արտաքին առևտրաշրջանառության ծավալների ավելացումը խթանում է ոլորտի ենթակառուցվածքների ընդլայնումն ու զարգացումը և այլն: Բացի այդ, հազարավոր միգրանտների Հայաստանում մնալը, որոնցից շատերն ունեն բարձր անձնական եկամուտ, դրական ազդեցություն է ունենում մանրածախ առևտրի, ինչպես նաև սպասարկման մի շարք ոլորտների վրա (օրինակ, դրանց թվում են տրանսպորտը, հյուրանոցները, հասարակական սննդի ծառայությունները, ներքին զբոսաշրջությունը և այլն):

Սակայն կան նաև բացասական (կամ դրան մոտ) հետևանքներ։ Հայաստան ժամանած ռուս գործարարների կողմից իրականացվող արտաքին առևտրային գործառնությունների ճնշող մասը իրականում կապված չէ մեր տնտեսության հետ և չի նպաստում տեղական ապրանքների արտադրության խթանմանն ու զարգացմանը։ Ռուսաստանից բազմաթիվ միգրանտների բնակությունը քիչ թե շատ մշտական ​​հիմունքներով, ինչպես և կարելի էր սպասել, հանգեցրեց վարձավճարների կտրուկ աճին։ Այսպիսով, նկատելիորեն վատթարացել են բնակարանների վարձակալության կարիք ունեցող մեր քաղաքացիների, ինչպես նաև Արցախից հազարավոր փախստականների հնարավորությունները։

Հասկանալի է, որ արտաքին առևտրաշրջանառության բազմակի աճը լուրջ բեռ է ստեղծում տնտեսության այս հատվածի ենթակառուցվածքների համար։ Օրինակ՝ ԱՊՀ որոշ երկրներում, որոնք ընդունել են նաև Ռուսաստանից բազմաթիվ միգրանտ գործարարների, արդեն բողոքում են ապրանքների պահեստների պակասից։ Հասկանալի է, որ միգրանտների արտաքին առևտրային գործունեության հետ կապված խնդիրները չեն սահմանափակվում միայն պահեստներով։

Ռուսաստանցիների ժամանումը հանգեցրեց ռուբլով փոխանցումների ծավալի բազմակի աճին։ 2023 թվականին Հայաստան է փոխանցվել գրեթե 3,3 միլիարդ դոլարին համարժեք ռուսական ռուբլի, իսկ մեր երկրից դրամական փոխանցումների միջոցով դուրս է բերվել շատ ավելի քիչ՝ մոտ 0,6 միլիարդ դոլար։ Ակնհայտ է, որ ռուսական ռուբլու ներհոսքի կտրուկ աճը մեծացրել է նրա բեռը Հայաստանի արտարժույթի շուկայի վրա։ Օրինակ՝ 2021 թվականի սեպտեմբերին փոխանակման կետերով «անցել» է 2,4 միլիարդ ռուսական ռուբլի, իսկ այս տարվա սեպտեմբերին՝ արդեն 6,2 անգամ ավելի՝ 14,8 միլիարդ ռուբլի։

Բոլորը տեղյակ են, որ դոլարը, ինչպես նաև եվրոն, շատ ավելի մեծ իրացվելիություն ունեն, քան ռուբլին։ Միևնույն ժամանակ, ռուբլու փոխանակումն այս համաշխարհային արժույթներով դարձավ էլ ավելի անշահավետ. դեկտեմբերի որոշ օրերին Ռուսաստանում ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը գերազանցեց 100 ռուբլու «հոգեբանական» նշագիծը (տե՛ս Գծապատկեր 7):

Գծապատկեր 7График 7 АРМ - Курс доллара в России.jpg (274 KB)

Ի՞նչ միտումներ կան այս ոլորտում ընթացիկ տարում 

Հաշվետու հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստան կատարվող դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, «թեթևակի» նվազել է՝ 304 մլն դոլարով (կամ 6,3%-ով)։ Հիմնական պատճառը Ռուսաստանից դրամական փոխանցումների ներհոսքի անկումն էր՝ 472 մլն դոլարով (կամ 14,0%-ով)։ Այս «մինուսը» մասամբ փոխհատուցվել է այլ երկրներից փոխանցումների աճով՝ 168 մլն դոլարով (կամ 11,8%-ով)։ Նկատենք, որ Ռուսաստանից դրամական փոխանցումների ծավալի նվազումը կապված չէ որևէ հիմնարար գործոնի հետ։ Պարզապես բազային տարվա փետրվարին դրամական փոխանցումների ծավալն անսովոր բարձր է եղել, ինչն ազդել է տարեկան ցուցանիշի վրա (տե՛ս Գծապատկեր 8):    

Գխապատկեր 8График 8 АРМ - Приток переводов по месяцам 2024 года.jpg (195 KB)

Առանձնապես պետք չէ հույս տածել, թե արտաքին առևտրում և դրամական հոսքում «օճառի պղպջակով» այս «հովվերգությունը» հավերժ կշարունակվի։ Բոլորը տեղյակ են, որ հաջորդ տարվա հունվարի 20-ին ԱՄՆ-ում իշխանության կգա հանրապետական ​​նախագահը, ով խոստացել է շուտափույթ վերջ դնել Ուկրաինայի պատերազմին։ Եթե ​​նրան հաջողվի կատարել իր խոստումը (իսկ նա չի զլանում խոստումներ տալ), ապա պատժամիջոցների մի մասը կհանվի Ռուսաստանի վրայից։ Հնարավոր է վերացվեն նաև այն սահմանափակումները, որոնց պատճառով տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայացուցիչները և ներմուծող-արտահանողները լքել էին Ռուսաստանը՝ իրենց ոլորտներում անխոչընդոտ աշխատանք փնտրելու նպատակով։