Արմենպրես. Պետությունը կնվազեցնի բարձր որակավորմամբ մասնագետների աշխատավարձի փոխհատուցման չափը

Կառավարությունը Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի շրջանակում կնվազեցնի բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների փոխհատուցման չափը, նաև ևս մեկ տարով կերկարաձգի Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի գործունեության ժամկետը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագիծը հավանություն ստացավ կառավարության դեկտեմբերի 27-ի նիստում:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հիշեցրեց՝ կառավարությունը դեռևս 2020 թվականի մարտին հաստատել էր Արտադրողականության խթանման նպատակային ծրագիրը: Օժանդակությունը տրամադրվում է նպատակային վարկի կամ լիզինգի տարեկան տոկոսադրույքի 6-10 տոկոսի սուբսիդավորման ձևով:
2022 թվականի մարտից մինչև 2024թ դեկտեմբերի 1-ը ծրագրի շրջանակում կնքվել է 6559 պայմանագիր՝ 341.8 մլրդ դրամ ընդհանուր պորտֆելով: Նպատակային ծրագրի շրջանակներում ձևավորված պորտֆելի 82 տոկոսն ուղղվել է փոքր ու միջին ձեռնարկատիրությունների ֆինանսավորմանը:
«Հաշվի առնելով ծրագրի մեծ պահանջարկը, հնարավոր շահառուների մեծ թվաքանակը, ինչպես նաև նախանշված նպատակները՝ առաջարկվում է նպատակային ծրագրի վերջնաժամկետը երկարաձգել՝ սահմանելով 2025թ դեկտեմբերի 31-ը: Առաջարկվում է նաև խորհրդատվական, աուդիտորդական կազմակերպություններին ներկայացվող 500 մլն դրամ և ավելի շրջանառության պահանջը նվազեցնել մինչև 400 մլն դրամ՝ ընդլայնելով ավելի շատ խորհրդատվական, աուդիտորդական կազմակերպությունների ներգրավելու հնարավորությունը»,-ասաց Պապոյանը:
Կառավարության մեկ այլ որոշմամբ սահմանվել էր Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել ՀՀ-ում գործող ընկերությունների արտադրողականությունը՝ տնտեսավարողներին աջակցելով ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների: Նպատակային ծրագրի շրջանակներում փոխհատուցվում է տնտեսավարողների կողմից ներգրավված բարձր որակավորում ունեցող մասնագետների հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 20-70 տոկոսը:
Նյութն ամբողջությամբ՝ Արմենպրես