news.am. Սահմանամերձ համայնքներում եւս գույքահարկը բարձրացել է, սակայն կիրառվում են նվազեցնող գործակիցներ. Թովմասյան

Գույքահարկի իմաստով մենք ամբողջ հանրապետությունը գոտևորել ենք։ Այս մասին, news.am-ի փոխանցմամբ, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ սահմանամերձ համայնքների բնակիչների համար ևս բարձրացել է գույքահարկը:
«Այսինքն, ի՞նչ է տեղի ունեցել: Նախկին գոտիականությունը, որը առկա է եղել հանրապետությունում, իրականում իրականացված էր բավականին վաղուց և որևէ արժեք և որևէ գոտի արդեն մեր առօրյա կյանքին, մեր իրականությանը չէր համապատասխանում։ Եվ գոտիների նոր սահմանումից հետո սահմանվեց նաև բազային արժեքները, որոնք ունեին նվազեցվող գործակիցներ ըստ գոտիների և համապատասխան յուրաքանչյուր բնակավայրի, յուրաքանչյուր գույքային միավորի համար սահմանվեց իր գոտիականությունը և նվազեցվող գործակիցները։ Հետևաբար, դրանից բխող արդեն տեղի ունեցավ նաև գույքահարկի հաշվարկները։
Սահմանամերձ բնակավայրերը, եթե չեմ սխալվում, ունեն նվազեցման գործակիցներ, իրենք գույքահարկը վճարում են ոչ ամբողջական:
Եթե կոնկրետ գույքին վերաբերվող հարցը հետաքրքրի, ապա կարող ենք կոնկրետ գույքով ուսումնասիրել, եթե ոչ, բնակավայր առ բնակավայր մեր էլեկտրոնային համակարգում առկա են տվյալներ, և կառավարության որոշման մեջ էլ առկա է գոտիականությունը և իր գործակիցները, որով հաշվարկում են այդ գույքահարկերը»,-ասաց Սուրեն Թովմասյանը: