Սուրեն Գրիգորյանը վստահեցնում է, որ Երևանում տոմսային վճարման համակարգի պայմաններն ավելի լավն են, քան Բեռլինում
Երևանի տրանսպորտի վճարման QR ուղետոմսերի վավերականության ժամկետը 4 օր դարձնելով` համակարգի վրա եղած ծանրաբեռնվածությունն է կրճատվում։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։ Երևանի տրանսպորտի վճարման QR ուղետոմսերի վավերականության ժամկետը դարձել է 4 օր։ Համակարգի ներդրման պահին վավերականության ժամկետը 30 օր էր, որից հետո դարձավ 7 օր։
Գրիգորյանը նշեց` օրինակ՝ Բեռլինում 1 ուղետոմսի ժամկետը 2 ժամ է, նույնիսկ 4 օր չէ։ Փոխքաղաքապետն ընդգծեց, որ ավագանու որոշմամբ է այդ ամենը սահմանվել, ընդդիմադիրներին և քաղաքացիներին էլ խորհուրդ տվեց կարդալ ավագանու այդ որոշումը` հավելելով, որ այն ընդամենը 1 էջանոց է։
«Բովանդակային առումով կարող եմ նշել, թե ինչի համար են այդ փոփոխությունները։ Երբ տոմսային համակարգերը գործարկվում են, ապա ենթադրվում է, որ մեկ անձն ունենում է 1 կրիչ և դրանով է անընդհատ օգտվում։ Մեր դեպքում QR տոմսերը բազմաթիվ են, և եթե անձն օրինակ 2 անգամ է մեկ օրում երթևեկում, ապա 2 կրիչ է գեներացնում։ Այդ դեպքում 1 ամսում 2 կրիչ գեներացնելը ծանրաբեռնում է համակարգը»,- ասաց Սուրեն Գրիգորյանը։
Նա վստահեցրեց` հանրային տրանսպորտի համար վճարումներից ստացված բոլոր գումարները Երևանի քաղաքապետարանի բյուջե են մտնում, «Telcell» ընկերությունը որևէ ֆինանսական հետաքրքրվածություն չունի ժամկետները կրճատելու համար։
Հիշեցնենք` Երևանում հունվարի 1–ից այլևս հնարավոր չէ 100–դրամանոց մետաղադրամով վճարել տրանսպորտից օգտվելու համար. համապատասխան սարքերը կապարակնքնվել են։ Իսկ փետրվարից մեկանգամյա տոմս գնելու պարագայում տրանսպորտի գինը կթանկանա 200%–ով` 300 դրամ։
Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ է առաջարկում ։ Համեմատաբար շահավետ է տարեկան փաթեթը, որից օրական 2 անգամ օգտվելու դեպքում ուղևորավարձը կկազմի 120.5 դրամ։
Երևանի քաղաքային տրանսպորտից անվճար կօգտվեն մինչև 7 տարեկանները, ծնողազուրկ դպրոցականներն ու ուսանողները, հաշմանդամություն ունեցող անձինք (1-ին կամ 2-րդ խմբի), մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձինք, նախկին ԽՍՀՄ, Սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրվածները և բազմազավակ ընտանիքների ծնողները: Զեղչեր կգործեն թոշակառուների, դպրոցականների, ուսանողների և նպաստառուների համար։