ՀՀ Գլխավոր դատախազությունը պահանջում է մի քանի միլիարդ դրամի կարողություն բռնագանձել Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյայից

ՀՀ Գլխավոր դատախազությունը պահանջում է 2 անշարժ գույք, շուրջ 2 միլիարդ դրամ և այլ ակտիվներ բռնագանձել Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանից: Այս մասին հայտնել է ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում:
Նշվում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Գլխավոր դատախազության այս հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել 2024 թվականի դեկտեմբերի 25-ին: Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարանից պահանջել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 2 անշարժ գույք Երևանում (ընդհանուր առմամբ 766 միլիոն դրամ շուկայական արժեքով), 1 բնակարանի գնման իրավունք, 5 տրանսպորտային միջոց, 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն, 2 միլիարդ 150 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար: