Արտահանման շուկաները չկորցնելու համար այսօր արտահանողները կառավարության հստակ աջակցության կարիքն ունեն

Արտահանման շուկաները չկորցնելու համար այսօր արտահանողները կառավարության հստակ աջակցության կարիքն ունեն

 Դոլարի ու եվրոյի արժեզրկումն արտահանող ընկերությունների համար մեծ խնդիրներ է ստեղծել։ Տնտեսագետների գնահատականով՝ նախորդ տարվա համեմատ հայկական դրամը դոլարի նկատմամբ արժևորվել է մոտ 20 տոկոսով։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, անդրադառնալով փոխարժեքի տատանման պատճառով արտահանողների կրած վնասներին, օրերս ասել էր, որ  դրամը ռուսական ռուբլու նկատմամբ գտնվում է իրական արժեզրկված վիճակում, որովհետև Ռուսաստանում գնաճն ավելի բարձր է։ Հետևաբար, Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանում իրականացնողներն, ըստ ԿԲ նախագահի, այս իրավիճակում շահում են։ «Այսինքն՝ այն արտահանողները, ովքեր արտահանում են Ռուսաստանի Դաշնություն, և նրանց պայմանագրերը ֆիքսված են ռուսական ռուբլով, ստեղծված իրավիճակում բացարձակ շահում են, որովհետև ՀՀ դրամն ավելի թույլ է, քան ՌԴ ռուբլին»,- ընդգծել էր ԿԲ նախագահը։

«Սպայկա» ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանն ասում է, որ արտահանողներն այսօր ծայրահեղ բարդ վիճակում են։ Այն, որ ռուսական ռուբլին որոշ չափով կայուն է, հայ արտահանողների խնդիրները չի լուծում։

«Դրամն արժևովորվում է, դա արտահանողների համար շատ վատ է, հատկապես, որ հստակություն չկա՝ շարունակելու է արժևորվել, թե՞ մնալու է այս մակարդակին։ Այսինքն՝ վաճառքի ու եկամտաբերության մասին հիմա վերլուծություն անելը շատ դժվար է։ Ընթացիկ վաճառքներն ու արտահանումներն արդեն տուժում են։ Այսինքն՝ եթե արտահանողի եկամտաբերությունը պետք է լինի 5-15 տոկոս, այս արժևորման պատճառով, կարելի է ասել, եկամտաբերություն չկա՝ մինուս է։ Այսինքն ՝այս փուլում արտահանում իրականացնելը ձեռնտու չէ»,- ասում է Կարեն Բաղդասարյանը։

Ըստ նրա՝ նախքան ուկրաինական պատերազմը, Ռուսաստանում հայ արտահանողների հետ պայմանագրերը կնքվում էին և՛ դոլարով, և՛ ռուբլով։ ՌԴ նկատմամբ արևմուտքի  սահմանած պատժամիջոցների պատճառով պայմանագրերը ռուբլով են դարձել։ «Ռուբլին արժևորվում է, դա ինչ-որ տեղ կոմպենսացնում է վնասները։ Բայց խնդիրն այն է, որ Ռուսաստանում ռուբլու տատանումը բերել է նաև տարբեր ապրանքների գների փոփոխության։ Հետևաբար, ասել, թե ռուբլու արժևորումը միանշանակ լավ է հայ արտահանողների համար, սխալ է։ Իհարկե, դա օգտակար է եղել, եթե այդ գործոնը չլիներ, մեր կրած վնասներն ավելի մեծ կլինեին։ Բայց մեր խնդիրները միայն դրանով չեն պայմանավորված։ Դեպի Ռուսաստան արտահանողները մեծ վնասներ են կրում նաև Վերին Լարսի անցակետում հերթերի պատճառով։ Հատկապես, ահռելի վնասներ են կրում նրանք, ովքեր արագ փչացող ապրանքներ են տեղափոխում։ Նաև վառելիքն է շատ թանկացել, այդտեղ էլ ենք տուժում։ Այսինքն՝ արտահանողներն այսօր ծայրահեղ բարդ վիճակում են։ Ներկրողների համեմատ արտահանողների դրությունը շատ վատ է։  Արդեն մեկնարկում է գյուղմթերքի արտահանման սեզոնը, առաջիկա օրերին ծիրանի արտահանումն է սկսվում, բայց մենք մեր ձեռքի տակ ոչ մի հստակ լուծում չունենք»,-ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ պետք է անի կառավարությունն ինչպե՞ս պետք է աջակցի  փոխարժեքի տատանման պատճառով տուժած արտահանողներին, Կարեն Բաղդասարյանը պատասխանեց, որ ինչ-որ կերպ պետք է փոխհատուցել արտահանողների վնասները։ «Օրինակ՝ արտահանվող ապրանքի արժեքի մի մասը կարելի է փոխհատուցել։ Եթե արտահանողներն այսօր սնանկական, իրենց փոխարեն երկրորդը չի լինի, որ այդ գործն անի։ Այսինքն՝ շատ դանդաղ է այդ պրոցեսը, որ ինչ-որ այլ կազմակերպություն այդ տեղը զբաղեցնի։ Իսկ դա նշանակում է արտահանման շուկա կորցնել։ Մարդիկ տասնյակ տարիների աշխատանք են կատարել, որ այդ շուկան զբաղեցնեն։ Միանշանակ, արտահանողներին պետք է օգնել, որովհետև սա ինչ-որ  փուլ է, եթե այս դժվար փուլն անցնի, այդ ընկերությունների նորից ոտքի կկանգնեն։ Բայց, եթե սնանկանան, շուկան կորցնեն, ոչ մի լավ զարգացում չի լինի»,- նշեց Բաղդասարյանը։

Արդեն իսկ կան տեղեկություններ, որ որոշ արտահանող ընկերություններ ժամանակավոր դադարեցրել են արտահանումը։ Կարեն Բաղդասարյանն ասում է, որ պահածո կամ հյուրթեր արտադրողները կարող են ժամանակավոր արտահանումը դադարեցնել, բայց գյուղմթերք արտահանողները չեն կարող դա իրենց թույլ տալ։ Հետևաբար, կառավարության հստակ աջակցությունը պետք է լինի։