ՊՎԾ. Ստուգումներ են եղել դպրոցներում, ուր նախորդ տարի Փաշինյանը խախտումներ էր հայտնաբերել

Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացրել այն դպրոցներում, որտեղ նախորդ տարվա ընթացքում շրջայցեր էր իրականացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մի շարք խախտումներ հայտնաբերել։
«Հենց այն դպրոցում վերահսկողություն իրականացվել է։ 5 մարզադպրոցի մարզադահլիճներում, որտեղ նմանատիպ խախտումներ էին հայտնաբերվել վարչապետի շրջայցերի ընթացքում, ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է իրականացրել։ Ինչ վերաբերում է ցնցուղին և ուռճացված գնագոյացմանը, մենք որոշակի վերլուծություն ենք իրականացրել, նաև զեկուցել ենք վարչապետին։ Առաջարկներ են ներկայացվել հանձնարարականներ տալու լիազոր մարմիններին, գնումների գործընթացներում անհրաժեշտ շտկումներ և որոշ ընթացակարգերի լավարկման առաջարկներ ենք արել»,-նշել ՝ ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։
Նրա խոսքով, ԿԳՄՍՆ-ն և քաղշինկոմիտեն գնային մեծ սողանցք էին թողել և պատշաճ չէին ձևակերպել տեխնիկական բնութագրերի պահանջները։
«Արդյունքում ունեինք նվազագույն որակ և առավելագույն վաճառքի գին ներկայացված փաստաթղթավորում։ Այդ երևույթը համատարած է պետական գնումների ոլորտում»,-ասաց Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Փաշինյանը անցած տարի մարզային այցերի ընթացքում այցելել էր Արմավիրի մարզի Արագած բնակավայրի 348 աշակերտ ունեցող՝ Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց: Շրջայցի ընթացքում Փաշինյանը բազմաթիվ դժգոհություններ է ունեցել ջրի թույլ ամրացված ծորակներից, լոգարանի անորակ ցնցուղներից և այլն: